Գլխավոր էջ





«Ընտրածս ոլորտի հեռանկարն ինձ ուղղորդեց դեպի ասպիրանտուրա», - ԳԿՄԿ ասպիրանտ Գրիգոր Այվազյան

Փետրվարի 26, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի մագիստրատուրան փայլուն ավարտելուց հետո Գրիգորն այսօր սովորում է ԳԿՄԿ ասպիրանտուրայում: Գրիգորի հետ զրուցեցինք գիտական աշխատանքի, մասնագիտական ձեռքբերումների և այլ հարցերի շուրջ:

-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ուսման տարիները ԳԿՄԿ և Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի բնապահպանություն և բնօգտագործում ամբիոնի մագիստրատուրայում:

-Վստահորեն կարող եմ ասել՝ ուսումնառատ տարիներ էին։ Պրոֆեսիոնալ դասախոսական կազմի և գիտական թիմի շնորհիվ՝ ձեռքբերեցի մրցունակ գիտելիքներ և հարուստ փորձ, որոնք ապահովեցին հետագա հաջողություններս։ Կրթություն ստանալով երիտասարդ, բայց միևնույն ժամանակ գիտության մեջ կայացած և իրենց ուրույն տեղն ունեցող գիտնականների մատուցմամբ՝ ստացա այն գիտելիքները, որոնց ակնկալիքով էլ դիմել էի հենց այդ ամբիոն:

-Ի՞նչը նպաստեց շարունակելու ձեր կրթությունը ԳԿՄԿ ասպիրանտուրայում:

-Գիտության հանդեպ հետաքրքրությունը, մագիստրատուրայում ստացած գիտելիքների ավելի լայն սպեկտրում կիրառելու ցանկությունը և իմ ընտրած ոլորտի հեռանկարն ինձ ուղղորդեցին դեպի ասպիրանտուրա, ինչը հնարավորություն կտա էլ ավելի կայանալ և կոփվել գիտության աշխարհում։

-Որտե՞ղ եք աշխատում ներկա պահին, և ԳԿՄԿ-ում ստացած ո՞ր գիտելիքներն են հատկապես կիրառելի ձեր աշխատանքում:

-Ներկայումս աշխատում եմ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ԱՏՀ և Հեռազննման բաժնում։ Քանի որ կենտրոնն իրականացնում է միջգիտակարգային հետազոտական գործունեություն, հետևաբար այստեղ կիրառվում են մագիստրոսական ծրագրի ընթացքում ստացած ամբողջ փորձն ու գիտելիքը։

-Ո՞րն է ձեր գիտական աշխատանքի թեման, և ի՞նչ խնդիր եք փորձում լուծել ձեր հետազոտության շրջանակներում:

-Աշխատանքիս թեման ՀՀ որոշ լանդշաֆտային գոտիներում բնական կերահանդակների էկոլոգիական վիճակի տարածաժամանակային փոփոխությունների գնահատման մեթոդի մշակումն է հեռազննման տեխնոլոգիաների և մեքենայական ուսուցման մոդելների կիրառմամբ։ Հետազոտության ընթացքում փորձում ենք պարզել, թե ինչպիսի պոտենցիալ և արդյունավետություն կարող են ունենալ հեռազննման տեխնոլոգիաները (արբանյակային պատկերներ, անօդաչու թռչող սարքեր) ՀՀ-ի լեռնային բնական կերահանդակների վիճակի գնահատման և մոնիթորինգի գործում։ Ինչպես նաև մշակում ենք կերահանդակների էկոլոգիական վիճակի տարածաժամանակային փոփոխությունների գնահատման մեթոդ, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակում, սակայն մեծ տարածքների համար հայտնաբերել խնդիրները և իրականացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

-
Գիտական գործունեության ոլորտում ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Առաջիկայում ծրագրում եմ տրամաբանական ավարտին հասցնել ատենախոսական աշխատանքս և պաշտպանել թեկնածուական ատենախոսությունս։

-Որո՞նք են այսօր ուսանողների առջև ծառացած մարտահրավերները, և ի՞նչ լուծում եք առաջարկում դուք:

-Ներկայումս ուսանողների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն ավարտելուց հետո մասնագիտությամբ աշխատանք գտնելու դժվարությունն է, ինչը պահանջում է համակարգային մոտեցում։ Ողջունելի կլինեն իրազեկման միջոցառումները, որոնք, կախված ուսանողի ընտրած մասնագիտությունից, տեղեկատվություն կտրամադրեն աշխատաշուկայում թափուր հաստիքների վերաբերյալ՝ ստանձնելով միջնորդի պատասխանատվություն գործատուի և ուսանողների միջև։

Ամենակարևորը՝ ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքի կիրառման և պահպանման պարագայում էապես կբարձրանա նաև երիտասարդական ակտիվությունը։ Այս սկզբունքի կիրառման էական ներուժին ես քաջածանոթ եմ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Էկոկենտրոնի շնորհիվ և վստահ եմ, որ դրա ակտիվացումն անհրաժեշտ է ՀՀ կրթական բոլոր հաստատություններում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին