Գլխավոր էջ





Հանդիպում Կենտրոնի տնօրենության և FAST հիմնադրամի ներկայացուցիչների միջև SciNova ծրագրի շրջանակներում

Մայիսի 20, 2022

Մայիսի 18-ին տեղի ունեցավ առցանց հանդիպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի տնօրենության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամի ներկայացուցիչների միջև: Հանդիպման օրակարգում «Գիտահետազոտության մեթոդաբանություն և նորարարությունների առևտրայնացում» դասընթացի արդյունքների տեղայնացման քննարկումն էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ից մայիս 7-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցեցին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի SciNova ծրագրի շրջանակներում իրականացվող «Գիտհետազոտության մեթոդաբանություն», «Գիտության առևտրայնացում» և «Դասավանդման մեթոդաբանություն» թեմաներով վերապատրաստման երկշաբաթյա դասընթացին:

Մասնակցության համար ընտրվել էին այն դասախոսները, ովքեր հետագայում դասավանդելու են «Գիտհետազոտության մեթոդաբանություն» և «Գիտական նորարարությունների առևտրայնացում» դասընթացները կենտրոնում։

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով, զարգացնել հետազոտության արդյունքները նորարարության արդյունքների վերածելու կարողությունները, վերափոխել գիտության հանդեպ երիտասարդության վերաբերմունքն ու ցույց տալ գիտության գործնական նշանակությունն ու շոշափելի օգուտները:

Առցանց հանդիպման ընթացքում քննարկվեցին հաջորդ տարվանից դասընթացի մասնակից դասախոսների կողմից Կենտրոնում ծրագրերի ներդրման հնարավոր տարբերակներն ու ձևաչափերը։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ քանի որ Կենտրոնը հետազոտական բարձրագույն ուսումնական հաստատության միակ նախատիպն է ՀՀ-ում, և Կենտրոնի բնագիտական հոսքի դասերը հիմնականում կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտներում, սա բացառիկ հնարավորություն է ընձեռում կատարած հետազոտությունները վերածել գիտական նորարարությունների առևտրայնացմանը, ուսումնասիրել համապատասխան շուկան և ծանոթացնել նախատիպային արտադրանքի առևտրայնացման պրոցեսներին: Ա.Սարգսյանը հավելեց նաև, որ արդյունավետ կլինի տեղում կազմակերպել մաստեր կլասեր ուսանողների և դասախոսների համար:

Ծրագրի մասնակից դասախոս, Կենտրոնի գիտական քարտուղար Մերի Սարգսյանը կարևորեց ծրագրի գաղափարը՝ նշելով, որ դասընթացը բավականին արդյունավետ էր և ընդգրկված երեք մոդուլները ներառում էին կարևոր արդիական թեմաներ, որոնց ուսուցումը կներդրվի ոչ միայն Կենտրոնի կրթական ծրագրերում, այլև ոչ ֆորմալ կրթության կազմակերպման շրջանակներում:

Կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանն առաջարկեց իրականացնել ներդրված ծրագրերի մշտադիտարկում՝ կարիքների վերհանման, առաջարկների հավաքագրման և հետագայում ծրագրի բարելավման նպատակով:

Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքերի գծով փոխտնօրեն, հոգեբանության ամբիոնի վարիչ Նաիրա Հակոբյանն էլ իր հերթին առաջարկեց գիտհետազոտության մեթոդաբանությունը և գիտական նորարարությունների առևտրայնացման գաղափարը ներդնել մագիստրոսական թեզերի պլանավորման և պաշտպանության հիմքում:

FAST հիմնադրամի ներկայացուցիչները ողջունեցին բոլոր առաջարկները՝ նշելով, որ ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրամադրվեն բոլոր օժանդակ նյութերը (ծրագրերի կրթակարգը, դասավանդման ձեռնարկը) հետագա դասավանդումը արդյունավետ դարձնելու համար, իսկ դասախոսների համար վերապատրաստումների իրականացումն ու աջակցությունը կլինի շարունակական։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին