ERLEP գերժամանակակից լաբորատորիան բավարարում է ոչ միայն ԳԿՄԿ ուսանողների մասնագիտական կարիքները
Հուլիսի 20, 2022Ս.թ. հուլիսի 18-ին «Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար – MENVIPRO Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի համակարգող, Իտալիայի Տուշայի համալսարանի դոկտոր Անժելա Ֆաթթորետտին այցելեց ERLEP լաբորատորիա որակի վերահսկողության նպատակով:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) տնօրեն, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Էկոկենտրոնի համատեղ «Բնապահպանության և բնօգտագործում» ամբիոնի վարիչ, դոկտոր Լիլիթ Սահակյանը ներկայացրեց լաբորատորիայում ստեղծված ենթակառուցվածքները: Բնապահպանական ուսումնասիրությունների ոլորտում ճշգրիտ չափիչ սարքերով գերժամանակակից լաբորատորիան անգնահատելի և վճռորոշ դեր ունի կրթության և հետազոտության ներդաշնակեցման գործում: ERLEP-ը բնապահպանական գիտության ոլորտում կովկասյան առաջին տարածաշրջանային կրթական և հետազոտական լաբորատորիան է:
Էկոկենտրոնի առկա ենթակառուցվածքները հիմք են հանդիսանում ինտեգրված լաբորատոր կարողությունների ձեռքբերման համար։ Դրա ստեղծման համար հսկայական ջանքեր են գործադրվել՝ հաշվի առնելով, որ COVID-ի համաճարակի ընթացքում տեխնիկական դժվարություններով ձեռք են բերվել տարբեր սարքավորումներ և գործիքներ, կատարվել են վերանորոգման աշխատանքներ, և այսօր գերժամանակակից լաբորատորիան բավարարում է ոչ միայն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողների մասնագիտական կարիքները, այլև Հայաստանի տարբեր համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների կարիքները։ Մասնավորապես, բավականին արդյունավետ համագործակցություն է հաստատվել MENVIPRO և ABIONET էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի միջև, որի շրջանակներում ուսանողներն իրենց մեկ կիսամյակը պրակտիկա են անցնում Էկոկենտրոնում, որտեղ տեղակայված է ERLEP-ը՝ այդպիսով օգտվելով այս եզակի լաբորատորիայի առավելություններից և հնարավորություններից:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին