Գլխավոր էջ





Էրազմուս + ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում

Նոյեմբերի 12, 2019

Ս/թ. նոյեմբերի 7-ին և 8-ին Հայաստանում կայացան Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը:

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերի մեկնարկը տրվեց նոյեմբերի 7-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Նոյեմբերի 8-ին միջոցառումները շարունակվեցին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, տեղական բուհերի, հասարակական կազմակերպությունների և շահառու այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցեցին նաև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության և իսպանական 13 համալսարանների պատվիրակությունները, որոնք ներկայացրին Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտի ծրագրերի կառավարման և իրականացման իրենց փորձը:

Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը միջոցառումների շարք են, որոնք միտված են Հայաստանում Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի տեղեկատվության տարածմանը: Նման տեղեկատվական օրերը Հայաստանի և Եվրամիության միջև բարձրագույն կրթության ոլորտում հասանելի դրամաշնորհային և ռազմավարական համագործակցության հնարավորություններ են տրամադրում։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչներ Գևորգ Տեփանոսյանը և Հրաչյա Ասցատրյանը ակտիվ մասնակցեցին միջոցառման շրջանակներում կազմակերպված պանելային քննարկումներին: Գևորգ Տեփանոսյանը՝ որպես MENVIPRO ծրագրի տեղական համակարգող, ներկայացրեց ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և դժվարությունների լուծման ուղիները: Հրաչյա Ասցատրյանը՝ որպես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս և MINEVRA, All4R&D ծրագրերի տեղական համակարգող, խոսեց կրթության և հետազոտության ոլորտներում համագործակցության և ծրագրերի տեսլականի կարևորության մասին՝ շեշտը դնելով գիտություն, կրթություն, հետազոտություն և տեխնոլոգիա քառանկյան վրա:

Միջոցառման 2-րդ օրը նվիրված էր Էրասմուս+ կրեդիտային շարժունության ծրագրերին, որի պանելային քննարկումների ընթացքում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց Էրասմուս+ նմանատիպ ծրարգերի «շահագործման» ուղիները, մասնավորապես նշեց, թե ինչպես են կրեդիտային շարժունության ծրագրերը նպաստում Գիտակրթական միջազգային կենտրոնում դասավանդվող առարկաների թարմացմանը, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայում կատարվող հետազոտությունների միջազգայանացմանը:

Երկու պանելային քննարկումներին հաջորդեց ակտիվ հարցերի ու պատասխաների փուլը: