Կրկնակի դիպլոմով ծրագրեր Տուշայի համալսարանի հետ, Իտալիա
Հունվարի 12, 2021Խորացնելով արդյունավետ համագործակցությունը Տուշայի համալսարանի հետ, Իտալիա՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը կնքել է կրկնակի դիպլոմի շնորհման ծրագրեր: Այսուհետ՝ համագործակցության շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները, որոնք ուսանում են ԳԿՄԿ «Հանրային ֆինանսների կառավարում» և «Շուկայագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրերում, հնարավորություն կունենան մասնակցել կրկնակի դիպլոմի ծրագրին և իրենց ուսումնառության երկրորդ տարին կարող են համապատասխանաբար ուսանել Տուշայի համալսարանի «Կառավարում, ֆինանսներ և վերահսկողություն» (AFC) և «Շուկայագիտություն և որակ» (MKQ) մագիստրոսական կրթական ծրագրերում։ Յուրաքանչյուր հաստատություն ընտրում է այն ուսանողներին, որոնց թույլատրվում է գրանցվել գործընկեր համալսարանի դասընթացներին: Դասընթացները դասավանդվում են իտալերեն և անգլերեն լեզուներով։ Ընտրված ուսանողները պետք է ունենան դասավանդման լեզվի իմացության համապատասխան մակարդակ /Տուշայի համալսարան՝ իտալերեն Բ2 մակարդակ, ԳԿՄԿ՝ անգլերեն Բ2 մակարդակ/։
Երկու հաստատություններում ուսանողները դասընթացներում գրանցվում են ուսումնական տարվա սկզբից։ Ընտրված ուսանողներն ուսման երկրորդ տարին (բաղկացած երկու կիսամյակից, այսինքն՝ մինչև 12 ամիս) ուսանում են գործընկեր համալսարանում: Ուսման վճարը և այլ հնարավոր հարկերը շարունակում են վճարել այն համալսարանում, որտեղ ընդունվել են:
ԳԿՄԿ ուսանողները իրենց ուսումնառության առաջին տարին սովորում են ԳԿՄԿ-ում, իսկ երկրորդ տարին՝ Տուշայի համալսարանում:
Կրկնակի աստիճանի ծրագրին մասնակցող ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները բոլոր չափանիշներով համապատասխանում են Տուշայի համալսարանի մագիստրոսական ծրագրերում ընդունված իտալացի ուսանողներին: Այդ իսկ պատճառով, նրանք ենթարկվում են Տուշայի համալսարանի ներքին կանոնակարգերով սահմանված բոլոր պարտականություններին, պարտավորություններին և ժամկետներին:
Յուրաքանչյուր ուսանող ուսումնառության ավարտին ներկայացնում է մագիստրոսական թեզ՝ Տուշայի և ԳԿՄԿ համապատասխան ամբիոնների դասախոսների համաղեկավարությամբ: Մագիստրոսական թեզը քննարկվում է երկու բուհերում՝ յուրաքանչյուր բուհի կանոնակարգերի համաձայն: Գործընկեր հաստատության մեկ կամ մի քանի անդամ կարող են մասնակցել միջամբիոնային հանձնախմբի աշխատանքներին: Մագիստրոսական թեզը գրվում է անգլերեն լեզվով:
Յուրաքանչյուր տարի՝ հունիսի 1-ից 30-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն կատարում է ուսանողների ընտրություն: Տուշայի համալսարանում դասերը սովորաբար սկսվում են հոկտեմբերին (I կիսամյակ) և մարտին (II կիսամյակ): Ուսանողները պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերում նշված դասընթացներին, իսկ քննությունները հանձնում են հերթական քննաշրջանի ընթացքում (հունվար-փետրվար), սակայն անհրաժեշտության դեպքում կարող են քննությունները հանձնել նաև ապրիլին՝ արտահերթ քննաշրջանի ընթացքում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողները ազատվում են Տուշայի համալսարանի դասընթացներին գրանցվելու համար պահանջվող վճարներից: Ճանապարհածախսը, կացարանն ու սնունդը, ինչպես նաև բժշկական ապահովագրության և դասագրքերի ծախսերը հոգում է ուսանողը։
Ուսումնառության ավարտին ուսանողներին շնորհվում է երկու դիպլոմ՝ հայկական և իտալական:
Ծրագրի կոնտակտային անձ՝ Էլլա Պապիկյան, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հեռ.՝ (+374 60) 623598, Էլ-փոստ՝ ella.papikyan@isec.am