Գլխավոր էջ





Հեռավար ձևաչափով սովորող մագիստրատների թեզի պաշտպանությունը

Հունվարի 29, 2020

Սույն թվականի հունվարի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի նորաբաց դահլիճում տեղի ունեցավ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն (MBA)» հեռավար մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի ուսանողների թեզի պաշտպանությունը։ Մագիստրոսական թեզը հաջողությամբ պաշտպանեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և ՊԿԱ 10 մագիստրանտներ:

Պաշտպանությունը բավականին հետաքրքիր անցավ. ուսանողներն ուրախ էին և ոգևորված, որ իրենք լինելու են հեռավար ձևաչափով կրթություն ստացած առաջին մագիստրոսները, և վստահեցնում էին, որ իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները մեծապես օգնելու են մասնագիտական ուղու հարթմանը և հետագա աշխատանքային գործունեությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը 2014 թ. դեկտեմբեր ամսից իրականացնում է հեռավար լրացուցիչ կրթական ծրագրեր:

Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում շարունակական կրթության բնագավառում լայն տարածում ունի հեռավար ուսուցումը, որը շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս առցանց ստանալու համապատասխան ուսում կամ մասնակցելու վերապատրաստման դասընթացներին իրենց հարմար վայրում և հարմար ժամերին։

Հեռավար ուսուցումը համակարգված ուսուցման ձև է, երբ անմի­ջա­կան և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և դասախոսի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղոր­դակ­ցու­թյան միջոց­նե­րով:

Հեռավար ուսուցման նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթական հաստատությունների սովորողներին հնարավորություն ընձեռել յուրացնելու հիմնական և լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրեր՝ չհեռանալով բնակության վայրից:

Հեռավար ուսուցման ժամանակ գնահատումը կատարվում է առցանց տեսակոնֆերանսներին, ֆորումներին մասնակցության, հանձնարարությունների առցանց կատարման, միջանկյալ և եզրափակիչ քննությունների միջոցով: Միայն եզրափակիչ քննությունը և մագիստրոսական թեզի պաշտպանությունը են անցկացվում ուսանողի անմիջական մասնակցությամբ: