Գլխավոր էջ





«Կենտրոնում ստացած ամենամեծ ձեռքբերումս գիտելիքի արժևորումն է», - ԳԿՄԿ շրջանավարտ Լիլիթ Ասլանյան

Ապրիլի 25, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լրագրության ամբիոնի մագիստրատուրայի շրջանավարտ Լիլիթ Ասլանյանն է, ով բակալավրի աստիճանը ստացել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում:

«Իմ անձնական կյանքում լուրջ փոփոխությունների շրջան էր, և դժվարությունները հաղթահարելու ճանապարհին որոշեցի ևս մեկ մասնագիտություն ստանալ, երբ պատահաբար սոցիալական ցանցում տեսա ԳԿՄԿ-ում մագիստրատուրայի ընդունելության մասին հայտարարությունն ու առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու որոշեցի ընդունվել Կենտրոնի մագիստրատուրա», - նշում է Լիլիթը:

«Իմ բազային կրթությամբ ես կարող էի ընտրել երկու մասնագիտությունների միջև՝ հոգեբանի կամ լրագրողի, չեմ կարող ասել, թե ինչու ընտրությունս կանգ առավ հենց լրագրողի մասնագիտության վրա։ Քննության օրը կրկին միայնակ գնացի Կենտրոն։ Մի քանի օր անց ցուցակները կախված էին. ընդունվել էի։ Երբ վերադարձա տուն, միայն այդ ժամանակ ընտանիքիս անդամներն իմացան, որ ընդունվել եմ մագիստրատուրա, - պատմում է Լիլիթը և շարունակում, - այդ ժամանակ մայրս հիշեցրեց, որ փոքր հասակում հիանում էի Բաղրամյան փողոցի բոլոր գեղեցիկ շենքերով և երազում էի լինել դրանց ներսում: Եվ այնպես ստացվեց, որ ուսանեցի թե՛ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, թե՛ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում, իսկ հետագայում արդեն աշխատանքիս բերումով եղա թե՛ ՀՀ նախագահի նստավայրում, թե՛ Աժ-ում», - հիշում է Լիլիթը:

ԳԿՄԿ-ի մասին խոսելիս Լիլիթը նշում է, որ Կենտրոնում ստացած ամենամեծ ձեռքբերումը գիտելիքի արժևորումն է։ «ԳԿՄԿ-ում ոչ միայն ակադեմիական գիտելիքներ են փոխանցում, այլև դրանք կիրառելու հմտություններն են զարգացնում։ Շնորհակալ եմ դասախոսական հրաշալի անձնակազմին՝ ի դեմս ընկեր Վարդանյանի, ընկեր Խառատյանի: Այստեղ ձեռք եմ բերել ուսանողական լավ ընկերներ, հագեցած ու հրաշալի երկու տարիների ուսանողական կյանք եմ ապրել։ ԳԿՄԿ-ն ինձ համար կարևոր դեր է ունեցել ինքնաճանաչման ճանապարհին»:

Լիլիթ Ասլանյանը ներկայումս Հ. Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցի տնօրենն է: Ժամանակին աշխատել է նաև լրագրության ոլորտում, բայց հետագայում ընտրությունը կանգ է առնում կրթության ոլորտի վրա, մասնավորապես՝ հանրակրթական դպրոցի, իսկ լրագրողի մասնագիտությունը, Լիլիթի կարծիքով, հնարավորություն է տալիս համբերատար հաղորդակցմամբ հեշտ ու արդյունավետ լուծել բոլոր խնդիրները և դիվանագիտորեն տիրապետել մարդկանց հետ ճիշտ շփվելու արվեստին։

Ըստ Լիլիթի՝ աշխատանքում հաջողության հասնելու գրավականն առաջին հերթին սերն է և աշխատասիրությունը, իսկ ԳԿՄԿ ընդունվող ուսանողներին Լիլիթը խորհուրդ է տալիս սիրել իրենց ընտրած մասնագիտությունն ու զբաղմունքը, հետագայում արդյունավետ և նվիրված աշխատելու, ինչպես նաև՝ որպես տվյալ ոլորտի մասնագետ հանրության կողմից վստահություն ձեռք բերելու համար:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին