ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Արմեն Սարգսյանը
Դեկտեմբերի 24, 2020Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց տնտեսական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը ծնվել է 1986 թ.: 2008 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտության համալսարանը: 2011 թ. ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2015 թ. ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Արմեն Սարգսյանն իր աշխատանքային ողջ գործունեության ընթացքում՝ տասը տարուց ավելի, կանգնած է եղել գիտակրթական կենտրոնի կայացման ակունքներում: Իր մասնագիտական ուղին անցել է գիտակրթական միջազգային կենտրոնում՝ աշխատել է տարբեր ստորաբաժանումներում՝ լինելով համակարգչային լաբորատորիայի ղեկավար, ուսումնական մասի պետի տեղակալ, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ: 2020 թվականի հոկտեմբերից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր:
Մեծ է Արմեն Սարգսյանի դերը Կենտրոնի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի կայացման գործում: Այժմ Կենտրոնն իր տեխնիկական հագեցվածությամբ, սարքավորումներով, տեխնոլոգիական ռեսուրսներով և լուծումներով ՀՀ-ում եզակի է և ընդօրինակության արժանի: Արմեն Սարգսյանի գործուն ջանքերով վերազինվել են լսարանները, լաբորատորիաները և դահլիճները անհրաժեշտ սարքավորումներով։
Հիշատակության արժանի է նաև Արմեն Սարգսյանի մեծ ներդրումը հեռավար ուսուցման կազմակերպման ոլորտում: Կենտրոնում ստեղծվել է հեռավար ուսուցման էլեկտրոնային համակարգ, և ներդրվել մագիստրոսական կրթական ծրագիր՝ հեռավար ձևաչափով։ 2014 թվականից Արմեն Սարգսյանը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ հեռավար դասընթացների մշակման և իրականացման համար։
Իր ղեկավարած բոլոր օղակներում Արմեն Սարգսյանը դրսևորել է նորարար և ստեղծագործ մոտեցում՝ նպաստելով Կենտրոնի զարգացմանն ու կայացմանը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական կենտրոնի աշխատակազմը սիրով շնորհավորում են նորընտիր տնօրենին, մաղթում ստեղծագործ և արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Կենտրոնի հետագա զարգացման: