Նոր համագործակցություն ՀՀ ԳԱԱ կենդաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ․ ԲՈՒՀ-գիտական կազմակերպություն համագործակցության ևս մեկ հաջողված ծրագրի մեկնարկ
Հունվարի 17, 2023Ս/թ հունվարի 17-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի և ՀՀ ԳԱԱ կենդաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր մագիստրոսական ծրագրերի ներդրման, հետազոտական գործունեության կազմակերպման, միջազգային գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացման նպատակով «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացում հանուն կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում:
Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հիդրոկենսաբանություն և ակվակուլտուրա» ամբիոն, որը կտեղակայվի ՀՀ ԳԱԱ կենդաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում՝ իրականացնելով «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը կարևորեց այս համագործակցության մեկնարկը, որի շրջանակներում կստեղծվեն գիտակրթական լաբորատորիաներ և հետազոտահեն կրթության իրականացման համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ, որոնք կխթանեն հետազոտահեն կրթությունը ՀՀ-ում և կպատրաստեն ակվակուլտուրայի ու ձկնային տնտեսության փորձառու կառավարիչներ: Ա.Սարգսյանը հիշեցրեց, որ AFISHE ծրագիրը նպատակաուղղված է նվազեցնելու ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա Հայաստանում և Ուկրաինայում ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի ծրագրերի ստեղծման և զարգացման միջոցով, որոնք համարժեք կլինեն եվրոպական նմանատիպ առաջատար ծրագրերին, կարձագանքեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը, ուստի կողմերի համատեղ ջանքերը պետք է ուղղված լինեն ծրագրի գլխավոր նպատակի արդյունավետ իրագործմանը:
ՀՀ ԳԱԱ կենդաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանն էլ իր հերթին ընդգծեց, որ համատեղ համագործակցության արդյունքում AFISHE ծրագրի իրագործման շնորհիվ կստեղծվի ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտային ցանց Հայաստանի, Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև, որը կծառայի որպես հարթակ՝ ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների ոլորտներում միասնական կրթական և հետազոտական գործունեություն իրականացնելու համար՝ նպաստելով էկոլոգիայի վրա հիմնված մոտեցումների և գործունեության զարգացմանը՝ ՄԱԿ-ի Կայուն Զարգացման նպատակներին և ԵՄ Կանաչ Գործարքին համապատասխան:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին