Էթիկական սկզբունքները
ՀԵՏԱԶՈՏՈՂ ՀՈԳԵԲԱՆԻ ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Հետազոտողը պարտավոր է լինել կոմպետենտ, ինչը ենթադրում է.
ա) լավ տեսական նախապատրաստվածություն,
բ) հոգեդիագնոստիկ մեթոդիկաների և դրանց գործածման կանոնների խոր իմացություն.
գ) համապատասխան մեթոդիկաների պրակտիկ օգտագործման բավականաչափ փորձի առկայություն։
Յուրաքանչյուր հոգեդիագնոստիկ մեթոդիկայի հիմքում ընկած է որևէ հոգեբանական տեսություն, ուստի ուսումնասիրվող երևույթի մասին լայն և խոր վերլուծություն և հետևություններ կարելի է անել միայն լավ իմանալով համապատասխան տեսությունը։ Սակայն միայն տեսության գերազանց իմացությունը դեռ բավարար չէ, պետք է նաև խորությամբ տիրապետել մեթոդիկաներին, դրանց գործածման ընթացքին, տվյալների վերլուծության և մեկնաբանման կանոններին։ Բացի այդ, անհրաժեշտ է համապատասխան մեթոդիկայի պրակտիկ գործածման բավականաչափ փորձ, արդյունքների վերլուծության և մեկնաբանման հմտություններ ու ունակություններ։ Հակառակ դեպքում հետազոտողը կարող է լուրջ սխալներ թույլ տալ հետազոտության անցկացման ընթացքում, արդյունքները վերլուծելիս, մեկնաբանելիս և հետևություններ անելիս։ Ոչ մի հոգեբան չի կարող կոմպետենտ լինել բոլոր թեստերի օգտագործման մեջ, այդ պատճառով ցանկացած թեստ կիրառելիս պետք է նախապես մանրակրկիտ պատրաստվել։ Հետազոտողը պետք է տեղեկություն ունենա կիրառվող մեթոդի վալիդության, հուսալիության, կիրառման սահմանափակումների մասին։ Որոշ թեստերի կիրառման համար հոգեբանը նույնիսկ պետք է ունենա հատուկ լիցենզիա (օր., Կալիֆորնիական հոգեբանական հարցարանը)։
2. Նախքան բուն հետազոտությունը սկսելը հետազոտողը պարտավոր է ճշգրիտ գնահատել դրա էթիկական ընդունելիությունը, այսինքն՝ որքանով է հետազոտության պլանը համապատասխանում հետազոտություն անցկացնելու սկզբունքներին։ Մեթոդիկան ընտրելիս հետազոտողը պետք է լինի օբյեկտիվ, նախապատվություն չտա որևէ մեթոդի, այլ ընտրի դրանք՝ ելնելով հետազոտության շահերից։ Կիրառվող մեթոդիկան պետք է համապատասխանի հետազոտության առաջադրված նպատակներին։
3. Հետազոտողը պարտավոր է նախքան հետազոտությունը սկսելը մասնակիցներին տեղեկացնել հետազոտության բոլոր կողմերի մասին, որոնք կարող են ազդել նրա՝ մասնակցություն ցուցաբերելու ցանկության վրա։ Մասնակիցը պետք է որոշակի պատկերացում ունենա թեստավորման նպատակների, ընթացքի, նրբությունների մասին։ Նրան անհրաժեշտ է զգուշացնել, որ հետազոտության ընթացքում նա կարող է ակամա այնպիսի տեղեկություն տալ իր մասին, իր մտքերի և զգացմունքների մասին, որն ինքն էլ չի գիտակցում։ Հետազոտողը պետք է հնարավորինս սպառիչ պատասխաններ տա հետազոտության մասին փորձարկվողի բոլոր հարցերին։
4. Չի թույլատրվում մարդուն հոգեբանական հետազոտության ենթարկել նրա կամքին հակառակ կամ առանց նրա իմացության, բացառությամբ հատուկ դեպքերի, դատական, բժշկական պրակտիկայի՝ համաձայն օրենքի։ Երեխաների հետ հետազոտությունը կարելի է իրականացնել միայն ծնողների կամ նրանց փոխարինող անձանց համաձայնությամբ։ Ընդ որում, վերջիններս պետք է բարոյական և իրավական պատասխանատվություն ունենան երեխաների հանդեպ։ Հետազոտողը պարտավոր է հարգել փորձարկվողի՝ հետազոտության ցանկացած պահին իր մասնակցությունը կրճատելու կամ ընդհատելու իրավունքը։
5. Հետազոտությունը պետք է սկսել հոտազոտողի և հետազոտվողի միջև հստակ և արդարացի համաձայնության հաստատմամբ, որը բաշխում է կողմերի պատասխանատվությունը։ Հետազոտողը պարտավոր է հաշվի առնել այդ համաձայնության մեջ ներառված բոլոր խոստումներն ու պայմանավորվածությունները։
6. Հետազոտողը պարտավոր է հարգանքով վերաբերվել մասնակիցներին, հոգալ նրանց արժանապատվության և բարօրության մասին։ Հոգեբանը պետք է զերծ մնա «պիտակներ փակցնելուց», հետազոտվողի հանդեպ կանխակալ վերաբերմունք դրսևորելուց։ Նա պատասխանատվություն է կրում նաև փորձարկվողների հանդեպ իր կոլեգաների, ասիստենտների, ուսանողների բարոյական վերաբերմունքի համար։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Գործնական հոգեբանի գործունեության բարոյագիտական սկզբունքները
Մի շարք զարգացած երկրներում գոյություն ունեն հոգեբանի բարոյական կոդեքսներ (օրենսգիրք), որոնք կանոնավորում են նրա մասնագիտական գործունեությունը։ Այդ կոդեքսները կազմավորող պահանջների ու ստանդարտների (չափանիշների) խախտումը կարող է բերել հոգեբանին՝ որակավորումից, դիպլոմից, հոգեբանական ծառայություններ իրականացնելուց զրկելուն։
Կիրառական հոգեբանության խնդիրը ոչ միայն հոգեբանների առանձնացման և սկզբունքների միակ ձևավորված ցանկի բացակայությունն է, որոնք կանոնավորում են մասնագիտական գործունեությունը, այլև այն, որ մեր երկրում դեռ չկան մասնավոր հոգեբանական գործունեություն իրականացնելու լիցենզիա (թույլտվության փաստաթուղթ) տալու մանրակրկիտ մշակված ընթացակարգեր, արարողակարգեր, ինչպես նաև սահմանված չեն այս ոլորտում պետական վերահսկողության ձևն ու բովանդակությունը։ Հոգեբանի բարոյական կոդեքսների պարտադիր բովանդակությունը համընդհանուր բնույթ ունեցող մի շարք առավել կարևոր պահանջներն են և սկզբունքները, որոնց պահպանումը գործնական հոգեբանի արդյունավետ գործունեության գրավականն է։
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Մարդու հիմնական իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքը
Յուրաքանչյուր մարդու եզակիության, անկրկնելիության և բացարձակ արժեքավորության, կարևորության ճանաչումը հոգեբանական գործունեության կարևոր պայմաններից մեկն է։ Հոգեբանը հարգում է յուրաքանչյուրի անձնական կյանքի, գաղտնիության, ինքնորոշման և ինքնավարության իրավունքը, հոգ է տանում այն իրավիճակների լուծման համար, որոնցում իրավաբանական, մասնագիտական կամ այլ պարտականությունները հակադրության մեջ են մտնում այդ իրավունքների իրականացման հետ։
2. Այցելուի բարօրության, բարեկեցության համար հոգածությունը
Մի վնասիր՝ բժշկական պրակտիկայի հիմնական սկզբունքի նմանությամբ տվյալ դրույթը պետք է դառնա գլխավոր, կանոնավորի հոգեբանի յուրաքանչյուր գործողությունը, նրա մասնագիտական փոխհարաբերությունները։
3. Կոմպետենտությունը (հեղինակավորությունը)
Հոգեբանը աշխատանքում պետք է ձգտի պահպանել հեղինակավորության բարձր ստանդարտները՝ միաժամանակ ընդունելով իր պրոֆեսիոնալ հեղինակավորության որոշակի սահմանափակությունը։ Այսպես, հոգեբանը կարող է իրականացնել միայն այն ծառայությունները և օգտագործել միայն այն մեթոդները, որոնց վրա տարածվում է համապատասխան մասնագիտական որակավորումը՝ հաստատված կրթության մասին փաստաթղթերով, հոգեբանության կոնկրետ կիրառական ճյուղերում անցած թրենինգների մասին վկայականներով։ Այնտեղ, որտեղ ընդունված մասնագիտական ստանդարտները դեռ մշակված չեն, հոգեբանը պետք է գործի շատ զգույշ և կիրառի բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի պաշտպանի նրանց բարեկեցությունը, ում հետ նա աշխատում է։
4. Ազնվությունը
Հոգեբանը իր մասնագիտական գործունեությունում պետք է ազնիվ լինի ինքն իր հետ և այն մարդկանց հետ, ում հետ նա ունենում է մասնագիտական փոխհարաբերություններ։ Իր որակավորման, ծառայությունների, վարձատրության մասին տեղեկություններ հաղորդելիս նա իրավունք չունի կեղծ, ստահոդ հայտարարություններ անել և այցելուներին գցել մոլորությունների մեջ։
5. Երկակի հարաբերությունների արգելքը
Պրակտիկ գործունեություն իրականացնելիս, հոգեբանը պարտավոր է պահպանել մասնագիտական հարաբերությունների մաքրությունը ցանկացած այլ հարաբերություններից և պահանջներից (անձնական, բարեկամական, սեռական)։ Այս առումով նպատակահարմար չէ հոգեբանական խորհրդատվություն անցկացնել բարեկամների, ընկերների, աշխատակիցների, այլ կերպ ասած, հոգեբանին շատ մոտ անձանց հետ, քանի որ նմանօրինակ փոխհարաբերություններում ոչ պրոֆեսիոնալ ստերեոտիպերը անխուսափելիորեն ներխուժում են աշխատանքի մեջ և էապես ազդում նրա արդյունավետության վրա։
6. Պատասխանատվությունը
Պահպանելով բարձր մասնագիտական ստանդարտները, բացատրելով իր մասնագիտական դերը և պարտականությունները՝ հոգեբանը լրիվ պատասխանատվություն է կրում իր վարքի համար։
Վերը ներկայացված գործնական հոգեբանի գործունեության կազմակերպման բարոյագիտական և մասնագիտական սկզբունքները կրում են համընդհանուր բնույթ և որոշում են պրոֆեսիոնալ (արհեստավարժ) հոգեբանի աշխատանքի մակարդակն ու որակը։
ՀՈԳԵԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԷԹԻԿԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ
Հոգեբանի մասնագիտական էթիկան իրացվում է հոգեբանի կողմից իր գործունեությանը հատուկ բարոյականության պահանջներով, վարքի նորմերով ինչպես գործընկերների, այնպես էլ գիտական ընկերակցության, փորձարկվողների, փորձագետների, հոգեբանական օգնության դիմող անձանց հետ փոխհարաբերություններում։
Բոլոր կատեգորիաների, բոլոր կարգի գիտնականների համար կարևոր համընդհանուր բարոյական սկզբունքների և նորմերի հետ միասին (գիտական ազնվությունն ու կոռեկտությունը, փորձարարական տվյալների հավաքման ընթացքում ուրիշի գաղափարների և հետազոտությունների արդյունքների յուրացումից, չստուգված տվյալների վրա արված հապճեպ եզրահանգումներից հրաժարվելը, սեփական գիտական հայացքների պահպանումը ցանկացած գիտական միջավայրում, գիտության ցանկացած հեղինակությունների հետ վիճաբանումը և այլն) հոգեբանգիտնականը հետազոտություն անցկացնելիս չպետք է կիրառի այնպիսի մեթոդներ, տեխնիկա, ընթացակարգեր, որոնք կնվաստացնեն փորձարկվողների անձի արժանապատվությունը, նրանց հետաքրքրությունները։ Նա պետք է խստագույնս պահպանի փորձարկվողների հաղորդած տեղեկությունների չհրապարակման՝ գաղտնիության երաշխիքները, նա պետք է նաև փորձարկվողներին տեղեկացնի հետազոտության նպատակների մասին։ Այն դեպքում, երբ փորձարկվողի տված տեղեկությունների գիտակցորեն կամ անգիտակցորեն աղավաղումներից խուսափելու նպատակով փորձարկվողին նախապես չի հաղորդվում գիտափորձի նպատակները, ապա դա պետք է արվի գիտափորձի ավարտից հետո։
Եթե մասնակցությունը հետազոտությանը ենթադրում է հոգեբանի ներխուժում անձնական հետաքրքրությունների կամ ինտիմ ապրումների ոլորտը, ապա փորձարկվողին պետք է տրվի անվիճարկելի հնարավորություն՝ ցանկության դեպքում, ցանկացած պահի հրաժարվել հետազոտությանը հետագա մասնակցությունից։ Ստացված արդյունքների հիման վրա հանձնարարականներ տալը հոգեբանին չի ազատում դրանք հասարակական պրակտիկա ներդնելու հետևանքների բարոյական պատասխանատվությունից։
Հոգեբանի էթիկական նորմերը
1. Հոգեբանի գործունեությունն ուղղված է հումանիստական և սոցիալական այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են բարեկեցությունը, առողջությունը, կյանքի բարձր որակը, անհատական և սոցիալական կյանքի տարբեր ֆորմացիաներում անհատների ու խմբերի լիարժեք զարգացումը։ Քանի որ հոգեբանը միակ մասնագետը չէ, որի գործունեությունն ուղղված է այս նպատակների իրագործմանը, ուստի այլ մասնագետների հետ փորձի փոխանակումը և համագործակցությունը ցանկալի, իսկ որոշ դեպքերում էլ անհրաժեշտ են՝ առանց վերջիններիս կոմպետենտության ու գիտելիքների նկատմամբ որևէ նախատրամադրվածության։
2. Հոգեբանությունը՝ որպես մասնագիտություն, կառավարվում է սկզբունքներով, որոնք ընդհանուր են մասնագիտական բոլոր էթիկաների համար։ Դրանք են՝ հարգանք անձի նկատմամբ, մարդու իրավունքների պաշտպանություն, պատասխանատվության զգացում, այցելուի (շահառուի) նկատմամբ անկեղծություն և ազնվություն, շրջահայացություն՝ գործիքներ և միջոցառումներ կիրառելիս, մասնագիտական կոմպետենտություն, հաստատակամություն ներգործության կամ միջամտության նպատակին հասնելու մեջ և կայունություն դրա գիտական հիմքում։
3. Հոգեբանները չպետք է մասնակցեն կամ նպաստեն անհատի անկախության, նրա ֆիզիկական և հոգեբանական անձեռնամխելիության դեմ ուղղված մեթոդների մշակմանը։ Խոշտանգումների կամ ծաղրանքի անմիջական մշակմանը կամ իրականացմանը նպաստելը բացի այն, որ հանցագործություն է, նաև հոգեբանի մասնագիտական էթիկայի ամենածանր խախտումն է։ Ոչ որպես հետազոտողներ, ոչ որպես օգնականներ կամ համագործակիցներ հոգեբանները չպետք է մասնակցություն ունենան խոշտանգումների կամ այլ դաժան, ոչ հումանիստական կամ ստորացուցիչ գործողությունների իրականացմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրանց օբյեկտը, ինչ մեղադրանքներ կամ կասկածանքներ են առաջ քաշվել տվյալ անձի դեմ և ինչ տեղեկատվություն էլ հնարավոր լինի ստանալ նման ճանապարհով այնպիսի պայմաններում, ինչպես ռազմական կոնֆլիկտը, քաղաքացիական պատերազմը, հեղափոխությունները, ահաբեկչական գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանքներ, որոնք կարող են դիտվել կամ բացատրվել որպես նման գործողություների արդարացում։
4. Հոգեբանները պետք է նվազագույնը տեղյակ պահեն իրենց մասնագիտական միավորումներին մարդու իրավունքների ոտնահարման, ծաղրանքի, դաժանության, ձերբակալման ոչ հումանիստական կամ ստորացուցիչ պայմանների մասին՝ անկախ այն բանից, թե ով է զոհը, ինչպես նաև ցանկացած նման դեպքում, որ հայտնի է դարձել իր մասնագիտական պրակտիկայում։
5. Հոգեբանները պետք է հարգեն իրենց այցելուների կրոնական և բարոյական համոզմունքները և հաշվի առնեն դրանք մասնագիտական ներգործության համար անհրաժեշտ հարցումների ժամանակ։
6. Օգնություն ցուցաբերելիս հոգեբանը չպետք է խտրական վերաբերմունք ցուցաբերի ըստ ծագման, տարիքի, ռասայական և սոցիալական պատկանելիության, սեռի, հավատքի, գաղափարախոսության, ազգության և ցանկացած այլ տարբերակող ցուցանիշի։
7. Հոգեբանը չպետք է օգտագործի իր մասնագիտության ընձեռած իշխանությունն ու գերակայությունն այցելուի նկատմամբ, որպեսզի շահույթ կամ որևէ առավելություն, արտոնություն ստանա ինչպես իր, այնպես էլ երրորդ անձի համար։
8. Հատկապես գրավոր փաստաթղթերի պարագայում հոգեբանը պետք է չափազանց զգույշ լինի, զուսպ և քննադատորեն վերաբերվի իր հայեցակարգին (կոնցեպցիաներին) և եզրակացություններին՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են ընկալվել որպես նսեմացնող և խտրականություն դնող, օրինակ՝ նորմալ, ոչ նորմալ, ադապտացված, ոչ ադապտացված, ինտելիգենտ, մտավոր հետամնաց։
9. Հոգեբանները չպետք է մանիպուլյատիվ ընթացակարգեր կիրառեն այն նպատակով, որ որոշակի այցելուներ դիմեն իրենց, ինչպես նաև գործեն այնպես, որ մենաշնորհ ունենան իրենց բնագավառում։ Հասարակական կազմակերպություններում աշխատող հոգեբանները չպետք է օգտագործեն այդ առավելությունը՝ սեփական մասնավոր պրակտիկան ընդլայնելու համար։
10. Հոգեբանը չպետք է թույլ տա իր անվան կամ ստորագրության օգտագործումը անհրաժեշտ որակավորում և պատրաստվածություն չունեցող անձանց հոգեբանական մեթոդների անօրեն կիրառման համար։ Հոգեբանները պետք է տեղյակ պահեն ուրիշի իրավունքների վրա կատարված ոտնձգության բոլոր դեպքերի մասին, որոնք հայտնի են դարձել իրենց։ Անօգուտ և ստի վրա հիմնված գործողությունները չպետք է կոծկվեն հոգեբանի որակավորմամբ։
11. Այն դեպքում, երբ այցելուի անձնական հետաքրքրությունները հակադրության մեջ են հաստատության հետաքրքրությունների հետ, հոգեբանը պետք է առավելագույնս անկողմնակալ կատարի իր գործառույթները։ Տվյալ հաստատություն օգնության համար դիմելը ենթադրում է այցելուի հետաքրքրությունների կարևորում, նրա հանդեպ հարգանք և ուշադրություն հոգեբանի կողմից, որը համապատասխան հանգամանքներում կարող է հանդես գալ որպես նրա պաշտպան հաստատության ադմինիստրացիայի (տնօրինության) հանդեպ։ Մասնագիտական կամպետենտության և այլ մասնագետների հետ հարաբերությունների մասին։
12. Մասնագիտացված հոգեբանի իրավունքներն ու պարտականությունները հիմնված են մասնագիտական անկախության և ինքնավարության սկզբունքի վրա՝ անկախ որևէ կազմակերպությունում զբաղեցրած ծառայողական դիրքից և ավելի բարձր աստիճան ունեցող մասնագետներից, ադմինիստրացիայից։
13. Հոգեբանի մասնագիտական կարգավիճակը հիմնված է նրա ընդունակությունների և որակավորման վրա, որոնք անհրաժեշտ են նրա պարտականությունների իրականացման համար։ Հոգեբանը պետք է մասնագիտորեն պատրաստված լինի և մասնագիտացում ունենա տվյալ ոլորտում կիրառվող մեթոդների, գործիքների, միջոցառումների օգտագործման մեջ։ Նրա աշխատանքի մասն է կազմում սեփական մասնագիտական գիտելիքները և կարողությունները ժամանակակից մակարդակի վրա պահելը։
14. Հոգեբանը չպետք է կիրառի մեթոդներ և արարողակարգեր, որոնք ժամանակակից գիտության շրջանակներում չեն անցել բավականաչափ փորձարկումներ առանց նախատրամադրված վերաբերմունքի գոյություն ունեցող բազմազան տեսությունների և դպրոցների հանդեպ։ Դեռ գիտական գնահատական չստացած հոգեբանական մեթոդիկաների փորձարկման դեպքում այցելուին պետք է նախօրոք տեղեկացնել այդ մասին։
15. Բոլոր հոգեբանական տվյալները՝ որպես հետազոտության արդյունքներ, ինչպես նաև ներգործության և բուժման մասին տվյալները պետք է հասանելի լինեն միայն մասնագիտացված հոգեբաններին, որոնց պարտականությունների մեջ է մտնում դրանք չհրապարակելը ոչ կոմպետենտ անձանց մոտ։ Հոգեբանները պետք է որոշակի քայլերի դիմեն համապատասխան փաստաթղթերը պահելու համար։
16. Երբ հոգեբանական հետազոտությունը կամ ներգործությունը պահանջում է սերտ համագործակցություն ուրիշ բնագավառի մասնագետների հետ, հոգեբանը պետք է ապահովի համապատասխան փոխազդեցությունը այնպես, որ այն ուղղված լինի հոգեբանի և այցելուի բարօրությանը։
17. Ինչպես կիրառելիս, այնպես էլ հասարակությանը ներկայացնելիս հոգեբանական մեթոդները չպետք է խառնվեն այնպիսի մեթոդների, որոնք չեն համապատասխանում հոգեբանության գիտական հիմքերին։
18. Չհրաժարվելով գիտական քննադատությունից այն դեպքում, երբ անհրաժեշտ է՝ հոգեբանները չպետք է խտրականորեն վերաբերվեն գործընկերեներին և այլ մասնագիտությունների ներկայացուցիչներին, որոնք կիրառում են նույն կամ այլ գիտական մեթոդներ, և պետք է հարգանքով վերաբերվեն այն դպրոցներին ու ուղղություններին, որոնք գիտականորեն և մասնագիտորեն կոմպետենտ են։
19. Հոգեբանի աշխատանքը հիմնված է այլ մասնագետներին հարգելու (և նման վերաբերմունքից օգտվելու) իրավունքի և պարտականության վրա, հատկապես այն ոլորտներում, որոնք իրենց գործունեությամբ սերտորեն հարում են հոգեբանությանը։
Ներգործության մասին
20. Հոգեբանը պետք է հրաժարվի ներգործությունից կամ միջամտությունից, եթե համոզված է, որ իր օգնությունը օգտագործվելու է ի վնաս կամ հակառակ անհատների, խմբերի, կազմակերպությունների կամ համայնքների օրինական հետաքրքրություններին։
21. Անհատների, խմբերի, կազմակերպությունների կամ համայնքների վրա ներգործություն կիրառելով՝ հոգեբանը պետք է նրանց անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրի լուծվող հիմնական խնդիրների, առաջադրված նպատակների և օգտագործվող մեթոդների մասին։ Անչափահասների և իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում պիտի տեղեկացվեն ծնողները կամ խնամակալները։ Ամեն դեպքում անհրաժեշտ է խուսափել անհատներով մանիպուլյացիա անելուց և ձգտել կոնկրետ դեպքի զարգացմանն ու ինքնավարությանը։
22. Հոգեբանը պետք է ձգտի ավարտել ներգործությունը և չերկարացնել այն տեղեկատվության կոծկման կամ ստելու մեթոդներով ինչպես դրված նպատակին հասնելու դեպքում, այնպես էլ վերջինիս անհնարինության պարագայում բավական երկար ժամանակի ընթացքում մատչելի մեթոդների և միջոցների կիրառումից հետո։ Վերջին դեպքում անհատները, խմբերը, կազմակերպությունները կամ համայնքները պիտի տեղեկացվեն այն մասին, թե ինչ ուրիշ հոգեբաններ կամ գիտական այլ բնագավառների ներկայացուցիչներ կարող են շարունակել ներգործությունը։
23. Ո°չ ներգործության ավարտման, ո°չ էլ այլ հոգեբանի կամ ուրիշ մասնագետի հետ խորհրդատվության առումով այցելուի ազատությունը չպետք է սահմանափակվի։ Պետք է խրախուսել բավական տեղեկատվության հիմքի վրա որոշում կայացնելու այցելուի ընդունակությունը։ Հոգեբանը կարող է հրաժարվել ներգործությունը շարունակելուց, եթե այն կատարվում է ուրիշ մասնագետի կողմից իրականացվող այլ տիպի ներգործության հետ միաժամանակ։
24. Հոգեբանները չպետք է օգտագործեն իրենց կարգավիճակի ընձեռած իշխանությունը՝ պահանջելու համար առանձնահատուկ աշխատանքային պայմաններ կամ վարձատրություն, որը գերազանցում է սովորական պայմաններում ընդունվածը։
25. Հոգեբանը չպետք է թույլ տա, որ իրեն ներգրավեն մասնագիտական առումով անորոշ վիճակի մեջ, որտեղ անտեղի կամ երկիմաստ կլինեն նրա դերն ու գործառույթները։
26. Հոգեբանները չպետք է խառնվեն այլ մասնագետների ձեռնարկած գործողություններին։
27. Այն դեպքում, երբ հոգեբանի ծառայությունները պահանջվում են գովազդային կամ կոմերցիոն կազմակերպությունների համար, նա պետք է համագործակցի՝ նպատակ ունենալով ապահովել տեղեկատվության ճշմարտացիությունը և պաշտպանել անհատների հետաքրքրությունները։
28. Հոգեբանը պետք է հատուկ զգուշավորություն ցուցաբերի, որպեսզի չառաջացնի անհիմն ակնկալիքներ, որոնք իրականացնել հետագայում մասնագիտորեն անկարող կլինի։
Հետազոտական աշխատանքների և կրթության մասին
29. Բոլոր հոգեբաններն էլ, հոգեբանության ինչ բնագավառում էլ աշխատելիս լինեն, պիտի ձգտեն նպաստել ընդհանրապես գիտության, մասնավորապես հոգեբանության առաջընթացին՝ իրականացնելով հետազոտություններ և իրենց գործունեության մեջ հավատարիմ մնալով գիտական մոտեցումներին, ինչպես նաև իրենց գիտելիքները փոխանցելով ուսանողներին և այլ մասնագետների։
30. Հետազոտություն իրականացնելիս հոգեբանը պետք է կտրականապես հրաժարվի այնպիսի գործողություններից, որոնք կարող են կայուն, անդարձելի կամ ոչ անհրաժեշտ վնաս պատճառել հետազոտվողներին։ Ցանկացած հետազոտական ծրագրի մասնակիցները պետք է արտահայտեն իրենց միանշանակ համաձայնությունը փորձի անցկացմանը. անչափահասների կամ իրավաբանորեն անգործունակ անձանց դեպքում նման համաձայնություն պետք է ստացվի ծնողներից կամ խնամակալներից։
31. Եթե հոգեբանական հետազոտությունը ուղեկցվում է ժամանակավոր որևէ վնասով կամ անհարմարությամբ, ինչպես օրինակ՝ էլեկտրական շոկը կամ զգայական մեկուսացումը, փորձարկողը պետք է առաջին հերթին համոզվի, որ փորձի բոլոր մասնակիցները գործում են բոլորովին անկախ՝ առանց ցանկացած ձևի կողմնակի ճնշման. ոչ մեկի մասնակցությունը փորձին չպիտի թույլատրվի, քանի դեռ փորձարկողը չի համոզվել, որ այդ վնասի մասին փորձարկվողները իրազեկվել են նախօրոք և տվել են իրենց համաձայնությունը։ Փորձից առաջ համաձայնություն տալու դեպքում անգամ փորձարկվողը ցանկացած պահի կարող է որոշում ընդունել ծրագրում իր հետագա մասնակցությունը ընդհատելու մասին։
32. Եթե գիտափորձի պայմանները պահանջում են ապատեղեկատվություն տալ կամ ստել փորձարկվողներին, հոգեբանը պետք է համոզվի, որ դա չի հանգեցնի որևէ տևական վնասի փորձի մասնակիցներին, ամեն դեպքում ստի անհրաժեշտությունն ու փորձարարական բնույթը պետք է բացահայտվեն փորձարարական ծրագրի ավարտից հետո։
33. Հոգեբանական հետազոտությունները նորմալ իրավիճակում՝ ինչպես փորձարարական, այնպես էլ դիտողական, պետք է իրականացվեն հարգանքով անհատի արժանապատվության հանդեպ, սեռական վարքի հետազոտության ժամանակ հավատալիքների, ինտիմ իրավիճակների, համեստության, խոհեմության հանդեպ, ինչպես նաև տարեցներին, հիվանդներին, ձերբակալվածներին հետազոտելիս, այսինքն՝ այնպիսի անձանց հանդեպ, որոնք ոչ միայն որոշակի սոցիալական սահմանափակումներ ունեն, այլև մարդկային լուրջ դրամա են ապրում։
34. Կենդանիների վրա կատարվող փորձերի դեպքում առաջ քաշված հետազոտական նպատակին հասնելու համար բացարձակ անհրաժեշտություն չներկայացնող, բայց գիտության և մարդու հետաքրքրությունների տեսակետից արդարացված տանջանքները, վնասն ու անհարմարությունը պետք է բացառվեն կամ հասցվեն ամենացածր մակարդակի։ Կենդանիներին վիրահատելու դեպքում պետք է կիրառվեն ցավազրկողներ և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարդությունները կանխարգելելու համար։ Կենդանիների հետ անմիջական հետազոտական աշխատանքով զբաղվող անձնակազմը պետք է կենդանիներին պահելիս, նրանց հետ վարվելիս և էվթանազիայի դեպքում առաջնորդվի միջազգային չափորոշիչներով։