Գլխավոր էջ





Խաչատրյան Գարեգին Գեղամի


Կառավարում

(2019-2021)




Որտե՞ղ եք աշխատում:

–Երևանի քաղաքապետարանում որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ:

Ինչո՞ւ որոշեցիք սովորել հատկապես  ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում:

–Յուրաքանչյուր հաջողության հիմքում որակյալ կրթությունն է, իսկ ԳԱԱ-ն հնարավորթյուն է ընձեռում մասը դառնալու գիտական մի մեծ ընտանիքի, որտեղ բազմաթիվ ականավոր ակադեմիկոսներ իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում ուսանողներին: Սա պարզապես որոշում չի եղել: Ես հպարտ եմ, որ հենց այն բուհի ուսանողն եմ, որը ձևավորվել է հայ ժողովրդի կրթական և մշակութային ավանդույթների վրա:

Աշխատանքում ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

–Ճիշտ կառավարումը:

Ի՞նչ դեր է ունեցել գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

–Կենտրոնում ստացած կրթությունը մեծապես նպաստել է թե՛ իմ՝ որպես անհատի նոր գաղափարներ և տեսլականներ ունենալուն, թե՛ իհարկե աշխատանքային իմ գործունեության մեջ նախկինում արդեն իսկ ձեռք բերված պրակտիկ գիտելիքները խորացնելուն, ամրապնդելուն և նորովի զարգացնելուն: Այս ամենը նպաստել և նպաստում է թե՛ իմ կողմից կառավարվող վարչության և թե՛ ընդհանուր համակարգի բնականոն աշխատանքին:

Ո՞րն է եղել ամենամեծ ձեռքբերումը գիտակրթական միջազգային կենտրոնում ուսանելու տարիներին:

–Ուղղակի կասեմ, որ  գիտակրթական միջազգային կենտրոնում սովորելը  և գնահատանքի արժանանալը արդեն իսկ համարվում է ամենամեծ ձեռքբերում:

Ի՞նչ հիշարժան դրվագ կպատմեք ուսանողական կյանքից:

–Որևէ դրվագ չեմ առանձնացնի, բայց միշտ սիրով, ժպիտով և իհարկե հպարտությամբ եմ հիշելու ԳԱԱ-ում իմ ուսանողական տարիները:

Ձեր մաղթանքը գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին:

–Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներին և ասպիրանտներին մաղթում եմ, որ իրենց ձեռք բերած փորձը և գիտելիքները կիրառեն լավագույնս, կարողանան իրենց ոլորտում դրական փոփոխություններ կատարել՝ ի նպաստ գիտակից և կրթված հասարակության ձևավորմանը:

Ի՞նչ խորհուրդ կտաք և ինչո՞վ կոգևորեք այն ուսանողներին, որոնք կարծում են, որ դժվար է լավ աշխատանք գտնել ՀՀ-ում:

–Լավ աշխատանք ասվածը, իհարկե, շատ սուբյեկտիվ է: Ես կարծում եմ, որ լավ աշխատանքը նախ և առաջ այն է, ինչ անում ես սիրով ու նվիրումով: Ամեն դեպքում կարծում եմ՝ լավ աշխատանք դժվարությամբ գտնելու կարծրատիպը ստեղծել են այն մարդիկ, ովքեր պատրաստ չեն քայլ առ քայլ ձգտելու և հասնելու իրենց նպատակներին: Ըստ իս՝ այսօր գնահատվում են կրթված և զարգացած երիտասարդները, սակայն ակնկալել, որ ի սկզբանե և առաջին փորձից ստանալու են իրենց պատկերացրած լավ աշխատանքը, իրատեսական չէ: Խորհուրդս է երբեք չդադարել կրթվել, զարգանալ, կատարելագործվել  և չհուսահատվել ձախողումից: Ձախողումը պետք է խթան դառնա էլ ավելի համառորեն պայքարելու և նպատակակետին ձգտելու: