«Yerervan EXPO» ցուցասրահում մեկնարկել է 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը
Ապրիլի 30, 2021«Yerevan EXPO» ցուցասրահում ս.թ. ապրիլի 28-ին բացվեց 20-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված «Կրթություն և կարիերա EXPO-2021» ցուցահանդեսը, որն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ամենամյա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 80 կրթօջախներ՝ դպրոցներ, քոլեջներ, բուհեր և ուսումնական կենտրոններ:
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը, անչափ կարևորելով կրթության և գիտության դերը արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու գործընթացում, շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը՝ այս տարի ևս իր մասնակցությունը բերելով հերթական ամենամյա ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ընթացքում ԳԿՄԿ-ի նպատակն է հանրությանն իրազեկել Կենտրոնի գործունեության, գործող ծրագրերի, կրթական աստիճանների մասին: Գեղեցիկ, ժամանակակից տաղավարում ներկայացված են ԳԿՄԿ-ի կողմից հրատարկված գրքեր, գիտական ժողովածուներ, «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսի տարբեր օրինակներ, ինչպես նաև տեղեկատվական բաշխիչ նյութեր՝ ԳԿՄԿ գործունեությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը վստահ է.«Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են, ավելի են նպաստում բուհերի և տարատեսակ կրթական կազմակերպությունների, ձեռնարկությունների միջև կայուն հարաբերությունների ամրացմանը, գործատու կազմակերպությունների և բուհերի միջև նոր ծրագրերի ստեղծմանն ու փոխհամագործակցությանը»:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը շրջայց կատարեց ԳԿՄԿ տաղավարում, ծանոթացավ Կենտրոնի-ի կողմից առաջարկվող կրթական ծրագրերին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը համոզված է. «Ուսանողների մեծ մասը, ստանալով բակալավրիական կրթություն, հակված է մագիստրոսական կրթությունը շարունակել բոլորովին այլ ուղղությամբ: Այստեղ խնդիր կա մասնագիտական կողմնորոշվածության ուղղորդման տեսանկյունից, որն ավելի արդյունավետ է դառնում նմանօրինակ միջոցառումների, ցուցահանդեսների և առհասարակ մասնագիտական և կարիերայի աճին միտված հանդիպումների շրջանակներում»:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն, կարևորելով կրթության և գիտության մեծ դերը մեր հասարակության կյանքում, փորձում է հասարակության հայացքը մշտապես ուղղել դեպի շարունակական կրթություն, գիտություն և կարիերա:
ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին