«Մխիթար Սպարապետ» ֆիլմի դիտում-քննարկում ԳԿՄԿ-ում
Հոկտեմբերի 10, 2022Մշտապես կարևորելով ուսանողների բազմակողմանի զարգացումն ու մտահորիզոնի ընդլայնումը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հաճախ է կազմակերպում բազմաբնույթ միջոցառումներ:
Հենց այս նպատակով էլ ս/թ հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության հետ ակտիվ համագործակցությամբ ուսանողների համար կազմակերպել էր ֆիլմի դիտում-քննարկում, որին հրավիրված էր նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը:
Միջոցառման ընթացքում ուսանողները դիտեցին Ս.Խանզադյանի «Մխիթար Սպարապետ» վեպի հիման նկարահանած Է. Քեոսայանի «Մխիթար Սպարապետ» ֆիլմը՝ նվիրված Սյունիքի 18-րդ դարի ազգային-ազատագրական պայքարին:
Ֆիլմի ընտրությունը պատահական չէր և բավականին կարևոր ասելիք ուներ, այն է՝ գնահատել հայ ժողովրդի պատմական անցյալն ու արժևորել նախորդ սերունդների հերոսական պայքարն ու ներդրումը մեր երկրի անկախության ձեռքբերման և պետականության պահպանման գործում, ձևավորել պատասխանատվություն սեփական երկրի պաշտպանության գործում. սրանք են այսօրվա կարևորագույն հրամայականները երիտասարդ սերնդի կրթման գործընթացում:
Ֆիլմի դիտմանը հաջորդեց հետաքրքիր քննարկում ուսանողների և Կենտրոնի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և պատմության ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանի հետ՝ զուգահեռներ անցկացնելով 18-րդ դարի իրադարձությունների և մերօրյա իրականության հետ:
Կ. Խաչատրյանն անդրադարձավ ֆիլմի բովանդակությանը, տվյալ ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, մանրամասն ներկայացրեց 18-րդ դարի Հայաստանի պատմական իրողություններն ու դրանց կապն այսօրվա իրադարձությունների հետ: Կ. Խաչատրյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների հաճախակի կազմակերպումը, որոնք ուղղված են ուսանողության՝ որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Միջոցառման վերջում հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնի միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և պատմության ամբիոնի վարիչ Կարեն Խաչատրյանին ֆիլմի դիտում-քննարկմանը միանալու և ուսանողների համար բովանդակային քննարկում ապահովելու համար: Լ. Ադամյանն ուսանողներին խոստացավ նաև, որ նման ձևաչափով միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին