Կենտրոնը հյուրընկալեց Բրյուսելի Vrije համալսարանի միջազգային փորձագետին
Մայիսի 5, 2022Ս.թ. մայիսի 4-ին Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց Բրյուսելի Vrije համալսարանի (VUB) միջազգային փորձագետին կրթության և գիտության ոլորտում միջազգայնացման գործընթացը, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցում էին միջազգային կառույցների և ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչներ, որոնցից մի քանիսը հնարավորություն էր ստացել միանալու քննարկմանը առցանց ձևաչափով:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Բրյուսելի Vrije համալսարանի (VUB) պրոֆեսոր Հայդի Օտտեվաերին, ով աշխատում է ճարտարագիտության ֆակուլտետում և նախագահում է Կիրառական ֆիզիկայի և ֆոտոնիկայի բաժինը: Հայդի Օտտեվաերը ներգրավված է եղել նաև միկրոօպտիկայի ոլորտում մի շարք հետազոտական նախագծերում բելգիական և մի շարք այլ միջազգային ընկերությունների հետ (օրինակ՝ Melexis, Umicore, Autoliv, Anteryon, Mitsubishi և Optoelectronic Industry and Technology Development Association-ը Ճապոնիայում): Եվրոպական համակարգման և աջակցության ACTMOST (Միկրոօպտիկական ծառայությունների և տեխնոլոգիաների հասանելիության կենտրոն) արդյունաբերական նախագծերի շրջանակներում ֆոտոնիկայի նորարարության ուղղությամբ աջակցել է ՓՄՁ-ներին, ինչպիսիք են EximiusLab ((Նիդերլանդներ), mLED (Մեծ Բրիտանիա) և Lovalite (Ֆրանսիա):
Հյուրերին ողջունեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը՝ կարևորելով նմանատիպ հանդիպումների հաճախակի կազմակերպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի միջազգային շարժունությանը նպաստելու նպատակով:
Պրոֆեսոր Հայդի Օտտեվաերը ներկայացրեց VUB Բրյուսելի Vrije համալսարանի միջազգային համագործակցության հաջողված փորձը, ընթացիկ մարտահրավերները, ուսանողների կարճատև ու երկարատև ուսումնառության, հետազոտությունների և ուսանողական պրակտիկաների հնարավորությունները:
Հանդիպման ավարտին մասնակիցները հարցուպատասխանի միջոցով քննարկեցին լավագույն փորձի ներդրման, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման մասնակիցներին արդյունավետ քննարկման և իրենց ակտիվ գործունեությամբ միջազգային շարժունության ծրագրերի շարունակականության ապահովմանը նպաստելու համար:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին