Կրկնակի դիպլոմի նոր ծրագրի մեկնարկ Իտալիայի Տուշայի համալսարանի հետ
Մայիսի 25, 2022Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 23-ից 27-ը Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատակազմը Իտալիայի Տուշայի համալսարանում մասնակցում է «Աշխատակազմի վերապատրաստման միջազգային շաբաթ»-ին: Վերապատրաստման երկրորդ օրը նվիրված էր կրկնակի դիպլոմի ծրագրերի և նոր համագործակցությունների քննարկմանը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ աշխատանքային խումբը՝ ի դեմս ուսումնական հարցերով փոխտնօրեն Ե. Զարգարյանի, արտաքին կապերի բաժնի պետ Ա. Հարությունյանի, արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Է. Պապիկյանի և իրավագիտության ամբիոնի դոցենտ Ա. Սեդրակյանի, քննարկեցին «Մարդու իրավունքներ և անվտանգություն» մասնագիտության գծով կրկնակի դիպլոմի ծրագրի իրականացման առանձնահատկությունները Իտալիայի Տուշայի համալսարանի դասախոս, ծրագրի համակարգող Ալեսսանդրո Բուֆալինիի հետ: Կողմերը նշեցին սույն կրթական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ պայմանավորված արդի մարտահրավերներով, ինչպես նաև կազմակերպվեցին առարկայական քննարկումներ առաջարկվող դասընթացների բովանդակության, դասընթացների իրականացման ձևաչափի և կրկնակի դիպլոմի նոր ծրագրի մեկնարկի երկկողմ կարևորության մասին:
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին արդեն արտաքին կապերի բաժնի և իրավագիտության ամբիոնի կողմից տարվել են համապատասխան բանակցություններ կրկնակի դիպլոմի ծրագրի իրականացման շուրջ, և արդյունքում արդեն իսկ կնքվել է «Անվտանգություն և մարդու իրավունքներ» նոր մագիստրոսական կրթական ծրագրով կրկնակի դիպլոմի իրականացման համաձայնագիրը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի և Իտալիայի Տուշայի համալսարանի միջև, որը կրկնակի դիպլոմի իրականացման երրորդ համաձայնագիրն է՝ կնքված այս երկու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև:
Նոր մագիստրոսական կրթական ծրագրի ընդունելությունը կմեկնարկի 2022-2023 ուսումնական տարվա համար. առաջին տարին ուսանողները իրենց ուսումնառությունը կսկսեն Կենտրոնում, իսկ լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի ուսումնառության երկրորդ տարին անցկացնել Տուշայի համալսարանում՝ ուսման ավարտին ստանալով երկու դիպլոմ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Իտալիայի Տուշայի համալսարանի: Մյուս ուսանողներին նույնպես հնարավորություն է ընձեռվում ուսումնառությունը շարունակել հեռավար ձևաչափով, քանի որ բոլոր դասընթացները հասանելի են նաև առցանց (ուղիղ հեռարձակմամբ և ձայնագրությամբ) և ստանալ երկու դիպլոմ:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին