Գլխավոր էջ





Համագործակցության նոր հեռանկարներ Սլովակիայի Պրեշովի համալսարանի հետ

Ապրիլի 11, 2024

Ս.թ. ապրիլի 8-11-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց Սլովակիայի Պրեշովի համալսարանից ժամանած պատվիրակության անդամներին՝ ի դեմս համալսարանի կառավարման և բիզնեսի ֆակուլտետի կրթության և հաղորդակցության գծով փոխդեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտորիա Ալի Տահայի և կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայլա Հարնիկառովայի:

Աշխատանքային հանդիպումների շարքը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր երկկողմ կապերի հաստատման, միջբուհական փոխգործակցության հեռանկարների, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունության ծրագրերի իրականացման ուղղությամբ:Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Սլովակիայի Պրեշովի համալսարանի միջև համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման նպատակով:

Արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանի նախաձեռնությամբ առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի, ամբիոնի դասախոսների, որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի հետ, որի ընթացքում ուրվագծվեցին փոխգործակցության ուղիները, հստակեցվեցին համագործակցության ձևաչափի հետ կապված հարցեր ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի և Սլովակիայի Պրեշովի համալսարանի կառավարման և բիզնեսի ֆակուլտետի միջև երկու բուհերի կողմից համատեղ դիպլոմի շնորհման հնարավորությամբ:

Պատվիրակության անդամների հետ տեղեկատվական հանդիպում կազմակերպվեց նաև ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Զբոսաշրջության կառավարում» և «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների հետ, որի ընթացքում Սլովակիայի Պրեշովի համալսարանի պրոֆեսոր Վիկտորիա Ալի Տահան ներկայացրեց կառավարման և բիզնեսի ֆակուլտետի ընձեռած հետազոտական հնարավորությունները օտարերկրյա ուսանողների համար, գործունեության հիմնական ուղղությունները, ուսանողների համար նախատեսված հետագա նախագծերը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին