Գլխավոր էջ





Ուսուցիչների և կրթության կազմակերպիչների երկշաբաթյա վերապատրաստումներ Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում

Օգոստոսի 24, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Օդեսայի հայկական համայնքի միջև 2020 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում ս.թ. օգոստոսի 3-ից  մեկնարկեցին ուսուցիչների և կրթության կազմակերպիչների երկշաբաթյա վերապատրաստումները...

Վերապատրաստումն իրականացնում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանը:

Վերապատրաստումներն անցնում են աշխատանքային հագեցած մթնոլորտում, ուղեկցվում առողջ քննարկումներով ու բանավեճերով: Օդեսահայ ուսուցիչները Մ.Սարգսյանի հետ արդեն հասցրել են ծանոթանալ բազմալեզու միջավայրում հայերենի ուսուցման առանձնահատկություններին, դասավանդման եղանակներին, արդյունավետ ուսուցման մեթոդներին ու հնարներին:

«ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնի կարևոր նպատակներից է նաև սփյուռքի հայ կրթօջախների հետ համագործակցության հաստատումը, սերտ կապը և համատեղ ծրագրերի շարունակականությունը: Այս համագործակցության շարունակական ընթացքը ևս մեկ անգամ ամրապնդում է ամբիոնի և Օդեսայի հայկական համայնքի հետ սերտ հարաբերությունները՝ հանուն մեր ազգային, մշակութային, կրթական և գիտական ժառանգության պահպանման ու տարածման: Գովելի է, որ օդեսահայ համայնքը, ի դեմս Օդեսայի մշակույթի կենտրոնի տնօրեն Աննա Գևորգյանի, կարևորում է հայապահպան ու լեզվապահպան աշխատանքների դերը, ստեղծվում է համապատասխան միջավայր թե' մանկավարժների, թե' աշակերտների համար արդյունավետ ուսուցում կազմակերպլու համար: Հիացած եմ նրանց նախանձախնդրությամբ, հայրենանվեր գործունեությամբ ու պատրաստակամությամբ»,- նշեց Մ. Սարգսյանը: