«ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը կրթական գործընթացներում» թեմայով վերապատրաստում ԳԿՄԿ-ում
Մարտի 13, 2024ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյանի նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց «ՊԻԳԲ շրջափուլի կիրառումը կրթական գործընթացներում» թեմայով, որին մասնակցում էին ԳԿՄԿ ամբիոնների որակի ապահովման պատասխանատուներ, տնօրենության անդամներ, ստորաբաժանումների ղեկավարներ, ամբիոնի վարիչներ, ինչպես նաև Ուսանողական գիտական ընկերության և Ուսանողական խորհրդի նախագահներն ու այլ անդամներ:
Վերապատրաստման նպատակն էր աջակցել մասնակիցներին ԳԿՄԿ-ի բոլոր գործընթացներում որակի կառավարման ՊԻԳԲ (պլանավորում, իրագործում, գնահատում, բարելավում) շրջափուլի արդյունավետ ներդրման գործընթացում:
Հանդիպման ընթացքում Նարինե Վարդանյանն ընդգծեց, որ Կենտրոնի առաքելությունն իրագործելու և ռազմավարական նպատակներին հասնելու, ինչպես նաև կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է Կենտրոնի բոլոր ստորաբաժանումների գործունեության առանցքում շարունակաբար պահել ՊԻԳԲ շրջափուլով կառավարման սկզբունքը: Բանախոսը նշեց նաև, որ ՊԻԳԲ շրջափուլի բոլոր փուլերի համար անհրաժեշտ ձևաչափերն ու ընթացակարգերը, ինչպես նաև հիմնական գնահատման մեխանիզմները կանոնակարգված են կենտրոնում, պարբերաբար վերանայվում և բարելավվում են:
Հանդիպման ավարտին կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում քննարկվեցին մասնակիցներին հուզող հարցեր, և Նարինե Վարդանյանն իր պատրաստակամությունը հայտնեց հընթացս աջակցելու ամբիոններին և ստորաբաժանումների ղեկավարներին ՊԻԳԲ շրջափուլի կառավարման և գնահատման արդյունավետության բարձրացման գործում:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին