Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ում շարունակվում են ազգային անվտանգությանն ուղղված թեմատիկ դասընթացները

Հուլիսի 12, 2021

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ս/թ-ի հուլիսի 7-ին և 8-ին տեղի ունեցան «Ազգային անվտանգության քաղաքականության արդիականացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով դասընթացի երրորդ և չորրորդ հանդիպումները։ Բանախոսներն էին քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը, ում վարած թեման կրում էր «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մարտահրավերները» վերնագիրը, և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Քոչարյանը, որը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական անվտանգության ապահովման հիմքերի զարգացումները» թեման։

Բանախոսությունների ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ մի շարք հարցեր։ Քննարկման ընթացքում վեր հանվեցին այն թերություններն ու բացթողումները, որոնք Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրել են անվտանգային մարտահրավերների առջև։ Հանդիպումների ժամանակ խոսեցին նաև Արցախի կարգավիճակի, Արցախյան հիմնահարցի կարգավորման ուղիների մասին։ Քննարկվեցին նաև դիվանագիտության զարգացման, անվտանգային համակարգերի նորացման ու արդիականացման, նպատակների, ռազմավարությունների մշակման ու ուղենշման վերաբերյալ հարցեր։

Տ․ Քոչարյանն առանձնակի կարևորություն տվեց այն հարցերին, որոնք առնչվում են հասարակության բարձր իրավագիտակցությանը, ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններին, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունների իրավական մշակումներին, դրանց հին և նոր տարբերակներին։ Քննարկվեցին նաև ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացման, ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ մի շարք դրույթներ, անվտանգության քաղաքականության կոշտ և փափուկ տարբերակները: Համապարփակ կերպով ներկայացվեցին արտասահմանյան անվտանգային փորձի արդյունավետ տարբերակներ, մասնավորապես՝ Իսրայելի և ԱՄՆ-ի։

Հարց ու պատասխանների միջոցով ամփոփելով քննարկումները՝ մեր երկրի զարգացման համար որպես հնարավորություն ուղենշվեց ռազմավարական մտքի, բարձրակարգ մասնագետների ու օրինապահ հասարակության ձևավորումն ու զարգացումը։

 


ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին