Գլխավոր էջ





Ավարտվեց կրթության որակի ապահովման շաբաթը

Փետրվարի 27, 2017

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել էր  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին, փետրվարի 21-ին՝ երիտասարդ դասախոսներին հուզող խնդիրները, փետրվարի 22-ին անդրադարձ է կատարվել  մասնագիտության կրթական ծրագրերի և Որակավորումների ազգային շրջանակի համահունչությանը:
Որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող  որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրված էր գնահատման համակարգի բարելավմանը:
«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով  երկօրյա համաժողովը տեղի ունեցավ ս/թ փետրվարի 23-24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում, որի աշխատանքներին ակտիվորեն իրենց մասնակցությունը բերեցին նաև ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Կրթության որակի ապահովման բաժնի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Վարդանյանը:
Միջոցառման ընթացքում  անդրադարձ կատարվեց կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, ներկայացվեց կլաստերային աուդիտի  գործընթացը, նպատակները:  Կլաստերային աուդիտի չափանիշները քննարկվեցին աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների, դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:
Համաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայի, Շվեյցարիայի և  Ռուսաստանի Որակի ապահովման կենտրոնների առաջատար մասնագետները ներկայացրեցին կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը: Օտարերկրյա հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները մանրակրկիտ անդրադարձ կատարեցին օրենսդրական կարգավորմանը իրենց երկրում և բուհի՝ չհավատարմագրվելու օրենսդրական հետևանքներին:
Համաժողովի ընթացքում ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը ներկայացրեց Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, ներկայացրեց ցանցին միանալու հնարավորությունները:
«Որակի շաբաթը ծառայեց նպատակներին՝ կրթության ոլորտի շահակիցները հնարավորություն ունեցան նոր ինֆորմացիա ստանալ, փորձով ու տեսակետներով  փոխանակվել»,- Համաժողովի ավարտին նշեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ամփոփելով փետրվարի 20-24-ին կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած համաժողովները:
Ռ. Թոփչյանը վստահ է, որ որակի շաբաթվա մասնակիցները տեղի ունեցած բաց ու բովանդակալից քննարկումներից հետո բուհ են գնալու նոր գաղափարներով լցված և անմիջապես ձեռնամուխ են լինելու դրանց իրագործմանը: