ՃՇՀԱ համալսարանի ուսանողները հյուրընկալվել էին ԳԿՄԿ-ում
Փետրվարի 22, 2022ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Զ. Հայրյանի նախաձեռնությամբ փետրվարի 22-ին Կենտրոն էին հյուրընկալվել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսումնական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողները: Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Կենտրոնի գործունեությանը և իրականացվող կրթական ծրագրերին:
Զ. Հայրյանը ներկայացրեց Կենտրոնի «Զբոսաշրջության կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առանձնահատկություններն ու առավելությունները, Ամադեուս ծրագրի տեսական և գործնական ուսուցման ձևերը, ինչպես նաև տվյալ բաժնի միջազգային համագործակցության լայն հնարավորություններն այլ երկրների բուհերի հետ՝ ընդգծելով, որ կրթական ծրագրում ներառված են զբոսաշրջության ոլորտին ներկայացվող միջազգային չափանիշները: Հանդիպմանը ներկա էր նաև Կենտրոնի որակի ապահովման բաժնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Վարդանյանը, ով ողջունեց ներկաներին՝ նվիրելով նրանց ՀՀ ԳԱԱ «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսը՝ որպես գիտության ոլորտում նորագույն նվաճումների արժեքավոր ռեսուրս:
Ն. Վարդանյանը կարևորեց նմանատիպ ճանաչողական հանդիպումների հաճախակի կազմակերպումը և տարբեր բուհերի ուսանողների միջև սերտ համագործակցության ամրապնդումը: Վերջինս ուսանողների համար համագործակցային մեթոդով հետաքրքիր ինտերակտիվ դաս անցկացրեց հանրային կապերի և գովազդի ընդհանրությունների ու տարբերությունների վերաբերյալ:
Հանդիպումն ամփոփվեց ուսանողների հարցուպատասխանով ինչպես ոլորտի, այնպես էլ Կենտրոնում իրականացվող կրթական այլ ծրագրերի վերաբերյալ: Ուսանողները ոգևորված էին իրենց հետագա մագիստրոսական կրթությունը ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում շարունակելու և բազմակողմանի զարգանալու լայն հնարավորություններով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին