Գլխավոր էջ





ԵԲԿՏ նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը Երևանում

Մայիսի 16, 2015

Երևանում մայիսի 14-15-ին տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումներին մասնակցում են շուրջ 500 պատվիրակներ 47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից: 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով:

 «Ակնհայտ է, որ բարձրագույն կրթությունն այն հիմնասյունն է, որի վրա կառուցվում են գիտելիքահեն հասարակությունները: Այս առումով Բոլոնիայի բարեփոխումները վերափոխեցին Եվրոպայի բարձրագույն կրթության նկարագիրը՝ ապահովելով ուսանողների շարժունությունը և ստեղծելով կրթական հնարավորությունների լայն բազմազանություն: Պարզ է նաև, որ առանց համակարգային հիմնախնդիրների հաղթահարման` հնարավոր չէ ապահովել կրթական համակարգի մրցունակությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական բարձրագույն կրթական միջավայրում»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման բացման հանդիսավոր նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես հաղորդում են Կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, Արմեն Աշոտյանը նշել է, որ երեք տարի առաջ Բուխարեստում եվրոպական երկրների կրթության նախարարները միաձայն քվեարկել են, որ Հայաստանը դառնա Եվրոպական կրթական տարածքի կենտրոն, իսկ  մայրաքաղաք Երևանը` Եվրոպական կրթական տարածքի 9-րդ մայրաքաղաք:

 «Առաջին անգամ կազմակերպվելով Հայաստանում՝ այն ապացուցում է, որ Եվրոպական կրթական տարածքը համընդհանուր արժեք է և իր ողջ աշխարհագրական սփռումով հավասար ներառում ունի ինչպես գործընթացի մեջ, այնպես էլ որոշումների կայացման առումով: Երևանում քննարկվելիք և ընդունվելիք փաստաթղթերն ու որոշումները կարևորագույն ազդեցություն կունենան եվրոպական կրթական համակարգի զարգացման վրա: Բոլոնիայի գործընթացն իր ողջ դժվարություններով ու մարտահրավերներով հանդերձ՝ հաջողված գործընթաց է»,- նշել է ԿԳ նախարարը:

 Եվրոպական կրթական տարածքն ամբողջացնող միջոցառումներին մասնակցում էր նաև ՀՀ ԳԱԱ Պրեզիդենտ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ալբերտ Սարգսյանը:

 Նշենք, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացին անդամակցել է 2005 թ. Բերգենի նախարարական գագաթնաժողովում` ակտիվորեն ներգրավվելով Բոլոնիայի գործադիր խմբի և նրա բոլոր ենթակառույցների աշխատանքներին:

 Բոլոնիայի գործընթացի մեկնարկի համար հիմք է հանդիսացել 1998 թ.-ի` Սորբոնում չորս երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Իտալիայի կրթության նախարարների ստորագրած համատեղ հռչակագիրը: Սորբոնի հռչակագրում տեղ գտած հիմնական նպատակները՝ ԵԲԿՏ-ի համար ընդհանուր չափորոշիչների ստեղծում, ուսանողների և ակադեմիական անձնակազմի շարժունություն, որակի ապահովում, ամրագրվել են արդեն Բոլոնիայի հռչակագրում, որը 1999 թ.-ին ստորագրել է եվրոպական 29 երկիր:

 Բոլոնիայի հռչակագիրը, ի թիվս այլ հանձնառությունների, ամրագրել է նաև նախարարական գագաթնաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը յուրաքանչյուր երկու կամ երեք տարին մեկ անգամ: Սահմանվել են նաև գագաթնաժողովների անցկացման ընթացակարգերը, համաձայն որոնց` գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը ստանձնում է նաև Բոլոնիայի քարտուղարության պարտականությունները: Նախարարական գագաթնաժողովների ժամանակ ամփոփվում են այդ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքների արդյունքները և կոմյունիկեում սահմանվում առաջիկա գերակայությունները: