Մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
Հոկտեմբերի 18, 2018Հոկտեմբերի 17-ին մեկնարկեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Հանդիսավոր նիստի ժամանակ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային շնորհավորեցին Բելառուսի, Մոլդովայի, Ղրղզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Տաջիկիստանի, Սլովենիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները, Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA) փոխնախագահ Գրեհամ Քեյը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ագիբայ Սմագուլովը, Եվրոպական ակադեմիայի փոխնախագահ Օլե Պետերսոնը: «Պատահական չէ, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային շնորհավորելու են եկել գիտնականներ տարբեր երկրներից` ԱՊՀ երկրներից, Բալթյան երկրներից, Եվրամիությունից: Դա խոսում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային ճանաչման մասին:
Ամբողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է Հայաստանի գիտությունների ակադեմիան: Եղել է ուժեղ և հիմա էլ է ուժեղ: Այն ակադեմիայի ոչ միայն կառուցվածքի պահպանման լավ օրինակ է, այլև` գիտության և մշակույթի էլիտար հանրության պահպանման օրինակ…»,- այսպիսի գնահատական տվեցին ՀՀ ԳԱԱ-ին հյուրերը:
ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյակի առթիվ, գիտական նվաճումների և գիտության զարգացման համար ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն արժանացավ Մոլդովայի և Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների ոսկե մեդալների, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանն արժանացավ Բելառուսի գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալի: ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և Սլովենիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Տադեյ Բայդը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: Մեծ հետաքրքրություն առաջացրեց ՀՀ ԳԱԱ 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների նվաճումները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները և ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն պոտենցիալը արտացոլող գիտատեխնիկական նախանմուշները: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին` որպես Հայաստանի բարձրագույն գիտական հաստատություն, որը կոչված է` միավորելու գիտնականների ջանքերը հիմնարար հետազոտություններ իրականացնելու, հայ ժողովրդի հարուստ հոգևոր ժառանգությունը երևան հանելու և վերաիմաստավորելու, տնտեսական, սոցիալական և մշակութային հիմնախնդիրների տեսական և գործնական լուծման և երկրի ազգային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կատարման համար: