Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն ընդլայնում է գործընկերային հարաբերությունները

Մարտի 30, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ ևս մեկ համագործակցության համաձայնագիր կնքվեց՝ այս անգամ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հետ: Հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Ա. Սարգսյանը և ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը ստորագրեցին փաստաթուղթը՝ լիահույս լինելով, որ այն կնպաստի երկու բուհերի հաջող փոխգործակցությանը:

Պետք է նշել, որ նախքան սույն հուշագրի կնքումը կողմերի միջև արդեն իսկ ձևավորվել էին սերտ համագործակցային հարաբերություններ ոչ-ֆորմալ կրթության կազմակերպման համատեքստում, որը և խթան հանդիսացավ հուշագրի կնքման համար: Հուշագրի նպատակը կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների խորացումն է և համագործակցության ծրագրերի իրականացումը հետևյալ հիմնական ուղղություններով.

  • ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում և ԵՊՀ ԻՄ-ում իրականացվող կրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքների քննարկում և կազմակերպում,
  • ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ -ում և ԵՊՀ ԻՄ-ում մշակված առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացում,
  • կրթական ծրագրերի և/կամ առանձին դասընթացների համատեղ մշակում՝ սովորողների համար հնարավորություններ ստեղծելով կրթություն ստանալու նաև հեռաուսուցման միջոցով,
  • սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, թեմատիկ բանավեճերի կազմակերպում,
  • կողմերի ուսանողների գիտահետազոտական, գիտամանկավարժական, ուսումնական, արտադրական պրակտիկաների փոխադարձ կազմակերպում,
  • սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում,
  • կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային համատեղ ծրագրերի իրականացում,
  • կողմերի իրականացրած կրթական, գիտական, մշակութային այլ ծրագրերին, կազմակերպած միջոցառումներին մասնակցություն: