Կայացավ «Հայrate» գործատուների մրցանակաբաշխությունը
Դեկտեմբերի 17, 2021Ս/թ դեկտեմբերի 10-ին Holiday Inn հյուրանոցում տեղի ունեցավ գործատուների վարկանշավորման «Հայrate» ծրագրի մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվել էր ՄՌ ասոցիացիայի և «Գրանդ Թրոնթոն» ընկերության կողմից: Լավագույն գործատուների ցանկը կազմել են ՀՀ բուհերի ուսանողները, որոնք մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել գնահատելու և իրենց կարծիքը հայտնելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների մասին: Ընդհանուր հարցմանը մասնակցել է մոտ 2000 ուսանող: ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողները ևս հնարավորություն են ունեցել գնահատելու ամենագրավիչ գործատուներին: Որպես գրավիչ գործատու՝ ուսանողները նշել են ավելի քան 200 կազմակերպության անվանում, որոնցից առանձնացվել և մրցանակաբաշխության ընթացքում հայտարարվել են հարցման արդյունքում ամենից շատ ձայներ հավաքած 10-ի անունները: ԳԿՄԿ ուսանողների տվյալները՝ ըստ մասնագիտությունների, կորսերի, ինչպես նաև կոնտակտային տվյալները հավաքագրել, ամբողջացրել և ՄՌ ասոցիացիային է փոխանցել ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը:
Մրցանակաբաշխությանը ներկա էին տարբեր ընկերությունների, բուհերի ներկայացուցիչներ, ՄՌ մասնագետներ: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ե. Զարգարյանը և Հանրային կապերի ու կարիերայի բաժնի պետ Ա. Շահազիզյանը ևս հրավիրված էին մասնակցելու միջոցառմանը։ Նրանք ողջունում են նախաձեռնությունը՝ շեշտելով, որ այն հնարավորություն է ընձեռում բացահայտելու ուսանողության շրջանում գործատուների ծրագրերի և ռազմավարությունների հաջողվածությունն ու նպատակայնությունը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին