Գլխավոր էջ





MENVIPRO ծրագրի ուսումնական այցը. օր երրորդ

Ապրիլի 8, 2019

Ս. թ. ապրիլի 3-ին Լիսաբոնի տեխնիկական համալսարանում շարունակվում է MENVIPRO էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի ուսումնական այցը: Հանդիպման առաջին մասում Լիսաբոնի տեխնիկական համալսարանի գործընկեր Ֆերնանդո Կառվալիոն ներկայացրեց ռադիոակտիվության ստուգման և չափման ոլորտում Պորտուգալիայի փորձը, որը գործընկերները կարող են կիրառել իրենց դասընթացների առարկայական նկարագրերը մշակելիս: Քննարկման ընթացքում ԳԿՄԿ դասախոս, Էկոկենտրոնի ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևան ներկայացրեց Էկոկենտրոնի՝ որպես միակ կենտրոնի, որ զբաղվում է այս հիմնահարցով թե՛ գիտական, թե՛ կրթական տեսանկյուններից, բացառիկ դերակատարությունը ռադիոէկոլոգիական ռիսկի գնահատման ոլորտում:

Հանդիպման երկրորդ մասում քննարկվեցին վարչական և կազմակերպչական հարցեր՝ կապված ծրագրի հետագա գործողությունների առավել արդյունավետ կազմակերպման հետ:

Այնուհետև Ինժեներական երկրաբանության և հանքերի ծրագրի համակարգողը ներկայացրեց իրենց մագիստրոսական կրթական ծրագիրը: Հատկանշական է, որ այս կրթական ծրագրում ուսանողի մագիստրոսական թեզը ղեկավարում են երկու համաղեկավար՝ համալսարանից և այն ընկերությունից, որտեղ ուսանողն անցնում է եռամսյա պրակտիկա, որը պաշտպանում է՝ ներկայացնելով հաշվետվություն կատարած աշխատանքների մասին:

Մարդու կենսաբանության և շրջակա միջավայրի ծրագրի համակարգողը նույնպես ներկայացրեց տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի կառուցվածքը, կրեդիտների բաշխվածությունը, պրակտիկայի և մագիստրոսական թեզի իրականացման ընթացակարգերը: Այս ծրագրով ուսումնառության վերջում ուսանողները կարող են պաշտպանել ավանդական մագիստրոսական թեզը կամ ներկայացնել հաշվետվություն այն դեպքում, եթե իրենց հետազոտությունների ընթացքում օգտագործել են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն: Ուսանողների մեծամասնությունը շարժունության ծրագրերի շրջանակներում այլ համալսարանում սովորում է երկրորդ տարին:

Օրվա վերջում Պորտուգալիայի գնահատման և հավատարմագրման գործակալության ներկայացուցիչը ներկայացրեց ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները Պորտուգալիայում: