Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն ՈՒԽ նոր նախագահ ունի

Նոյեմբերի 3, 2023

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում դեկան Ատոմ Մխիթարյանի և հանրային կապերի և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում ԳԿՄԿ տարբեր ամբիոնների 1-2րդ կուրսերի ավագների, ինչպես նաև ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության կազմի անդամների հետ:

Բացման խոսքով հանդես եկավ դեկան Ա. Մխիթարյանը, ով ողջունելով ներկաներին, ներկայացրեց հանդիպման օրակարգը, որի շրջանակներում նախատեսված էր ուսանողական խորհրդի անդամների և նոր նախագահի ընտրություն, ուսանողների կարիքների վերհանում և համապատասխան լուծումների մշակում:

Հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանն էլ հանդիպման մասնակիցներին ներկայացրեց բաժնի աշխատանքները ՈՒԳԸ և ՈՒԽ-ի հետ ակտիվ համագործակցության շրջանակներում, որոնք նպատակ ունեն աջակցելու ուսանողների գիտական և ստեղծագործական նախաձեռնությունները և խրախուսելու կրթական առաջընթացի ապահովմանն ուղղված ծրագրերի մշակումն ու իրագործումը:

Մինչ հիմնական օրակարգին անցնելը՝ ՈՒԳԸ նախագահ Նարեկ Սահակյանը և ՈՒԽ փոխնախագահ Լիանուշ Օհանյանը ներկայացրին կառույցների կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Այնուհետև ուսանողները կատարեցին աշխատանք փոքր խմբերով, որի նպատակն էր թիմային քննարկման արդյունքում վերհանել ուսանողների կարիքներն ու նրանց հուզող խնդիրները:

Ըստ օրակարգի հաջորդիվ կազմակերպվեց ՈՒԽ նոր նախագահի ընտրություն: Առաջադրվեցին չորս թեկնածուներ, ովքեր ներկայացրին ՈՒԽ աշխատանքների բարելավմանն ուղղված իրենց տեսլականը:

Կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Արաքսյա Գևորգյանը միաձայն ընտրվեց ՈՒԽ նախագահ: Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին վստահության համար և խոստացավ կատարել բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ ուսումնական հաստատության զարգացմանը:

Մոլեկուլային և բջջային կենսաբանության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վահե Աթոյանն ընտրվեց ՈՒԽ փոխնախագահ, իսկ զբոսաշրջության կառավարման մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Անահիտ Աթանեսյանն էլ՝ ՈՒԽ քարտուղար:

Հանդիպման ընթացքում ընտրվեց նաև ՈՒԳԸ նոր փոխնախագահ, ով արևելագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Լիանա Գյուրջյանն է:

ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանն ու հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Լիլիթ Ադամյանը շնորհավորեցին ՈՒԽ և ՈՒԳԸ նորընտիր կազմին՝ իրենց աջակցությունը հայտնելով նրանց արդյունավետ գործունեությանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին