ԳԿՄԿ-ն ՈՒԽ և ՈՒԳԸ նոր նախագահներ ունի
Նոյեմբերի 10, 2022Ս/թ հոկտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում կայացավ Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության նախագահների ընտրությունը:
Ընտրությունների կազմակերպմանը աջակցում էին Կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը, դեկանատի գլխավոր մասնագետ Քրիստինե Հովհաննիսյանը, հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը, իրավախորհրդատու Լիլիթ Խառատյանը:
Բացման խոսքով հանդես եկավ դեկան Ա. Մխիթարյանը, ով նշեց ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվ և արդյունավետ գործունեության կարևորությունը ուսանողական կյանքում:
Մինչ հիմնական օրակարգին անցնելը՝ ՈՒԽ ժամանակավոր պաշտոնակատար Արուս Նիկոլյանը ներկայացրեց իր պաշտոնավարման ընթացքում կառույցի կատարած աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաև իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու ՈՒԽ նորընտիր կազմին:
Արևելագիտության ամբիոնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողները ՈՒԽ նախագահի պաշտոնում առաջարկեցին իրենց համակուրսեցու՝ Հենրիկ Ջամալյանի թեկնածությունը: Ամբիոնի ուսանողուհի Տիրուհի Բայբուրդյանն էլ Հենրիկին ներկայացրեց որպես խելացի, բանիմաց և մեծ ներուժ ունեցող երիտասարդի, ով արդեն իսկ հասցրել է արժանանալ դասախոսների և համակուրսեցիների ուշադրությանը:
ՈՒԽ նախագահ առաջադրված միակ թեկնածու Հենրիկ Ջամալյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին վստահության համար և ներկայացրեց իր ծրագիրը, որի շրջանակներում նախատեսում է ստեղծել բանավեճի ակումբ, կազմակերպել մշակութային, հոգևոր, սպորտային միջոցառումներ, որոնք կնպաստեն ուսանողների միջև համագործակցային հարաբերությունների ձևավորմանը: Հ. Ջամալյանը միաձայն ընտրվեց ՈՒԽ նոր նախագահ՝ խոստանալով արդարացնել սպասելիքները և կրկնապատկել կառույցի հաջողությունները:
Ըստ օրակարգի՝ հաջորդիվ կազմակերպվեց ՈՒԳԸ նախագահի ընտրությունը: Առաջադրված միակ թեկնածու Երկրաբանության ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Սահակյանն էլ միաձայն ընտրվեց ՈՒԳԸ նորընտիր նախագահի պաշտոնում: Ն. Սահակյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և խոստացավ կատարել բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ կառույցի զարգացմանը:
Հանրային կապերի և կարիերայի բաժնի ղեկավար Լիլիթ Ադամյանը շնորհավորելով ՈՒԽ և ՈՒԳԸ նորընտիր նախագահներին՝ ընդգծեց ուսանողներին միավորող այս երկու կառույցների կարևոր դերակատարումը ուսանողական նախաձեռնությունների իրականացման, երիտասարդական գիտական ներուժի նպատակաուղղված օգտագործման, ինչպես նաև բուհում որոշումների կայացման գործընթացում ակտիվ մասնակցության գործում և իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու կառույցների աշխատանքներին:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին