Գլխավոր էջ





Համագործակցության ամրապնդում Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի համալսարանի հետ

Ապրիլի 30, 2024

Ս.թ. ապրիլի 17-21-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հյուրընկալեց Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանից ժամանած պատվիրակության անդամներին՝ ի դեմս համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Միրոսլավ Գալաբովի, դասախոսներ Միլենա Ստեֆանովայի և Տիհոմիր Ստեֆանովի:

Աշխատանքային հանդիպումների շարքը մեկնարկեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր երկկողմ կապերի հաստատման, միջբուհական փոխգործակցության հեռանկարների, ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարժունության ծրագրերի իրականացման ուղղությամբ: Կնքվեց երկկողմ համագործակցության համաձայնագիր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի իրականացման նպատակով:

Պատվիրակության անդամները հանդիպեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի «Զբոսաշրջության կառավարում» և «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեց Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի համալսարանի գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները օտարերկրյա ուսանողների համար:

Պատվիրակության անդամների համար կազմակերպվեց շրջայց Ինժեներական քաղաքում տեղակայված ԳԿՄԿ ավիատիեզերական ճարտարագիտության ամբիոն, ինչպես նաև համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոն՝ տեղում ներկայացնելով ամբիոնների գիտազոտահեն կրթության, ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարանների և հետազոտական աշխատանքների հիման վրա ուսումնառության կազմակերպման հնարավորությունները: Բուլղարիայի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Միրոսլավ Գալաբովը Instigate Group - Գիտական Հետազոտական կենտրոնում, որտեղ տեղակայված է ԳԿՄԿ համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնը, դասախոսություն կարդաց «Վիրտուալ իրականություն» թեմայով «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական կրթական ծրագրի հեռակա ուսուցման ուսանողների համար:

Նրանք այցելեցին նաև Ինժեներական քաղաքում գտնվող Գիտության և տեխնիկայի թանգարան, որտեղ ծանոթացան հայկական արտադրության մեքենաշինությանը, գիտատեխնիկական նվաճումներին, գյուտերին, նորարարություններին և գիտական մտքի պատմությանը՝ բացահայտելով հայկական ներուժն ու ներդրումը համաշխարհային գիտության ոլորտում:

Հիշեցնենք, որ դեռևս 2023թ. նոյեմբերին Բուլղարիայի Վելիկո Տիռնովոյի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը հանդիպում էր ունեցել համալսարանի ռեկտոր Դիմիտար Դիմիտրովի հետ, որի ընթացքում քննարկվել էին համատեղ համագործակցության հեռանկարները և որոշում կայացվել բացի առկա միջինստիտուցիոնալ համաձայնագրից՝ կնքել նաև համագործակցության նոր համաձայնագիր փոխգործակցության ինստիտուցիոնալ հենքը ամրապնդելու նպատակով: Հավելենք նաև, որ ԳԿՄԿ-ն արդեն իսկ շահել է միջազգային կրեդիտային շարժունության ծրագիր Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի հետ, որի շրջանակներում կիրականացվի ուսանողների և ՊԴ կազմի շարժունություն:


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին