Գլխավոր էջ





«Կրթության և մշակույթի միջոցով փոխանակումների բարելավում» աշխատաժողով Վրաստանում

Հունիսի 18, 2024

Ս.թ. հունիսի 3-7 ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ, օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբի ղեկավար, բ․գ․թ դոցենտ Գ․ Գրիգորյանը մասնակցեց «Կրթության և մշակույթի միջոցով փոխանակումների բարելավում» աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Վրաստանում EU4Dialogue («ԵՄ-ն հանուն երկխոսության») նախագծի շրջանակներում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից։

Աշխատաժողովը համախմբել էր տարբեր երկրների կրթության ոլորտի պատասխանատուներին, որի նպատակն էր ուսումնական հաստատությունների, դպրոցների, կենտրոնների ղեկավարներին զինել կրթական միջավայրում արդյունավետ ղեկավարման և առաջնորդության գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև կիսվել մասնակիցների հետ հաջողված և առաջավոր փորձով կրթության ոլորտի ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

Մասնակիցների հետ քննարկվեցին հետևյալ թեմաները՝

  • Արդյունավետ հաղորդակցություն,
  • Ռեսուրսների կառավարում,
  • Հաստատությունների միջավայրի և վարքագծի կառավարում,
  • Թիմին առաջնորդելու հմտություններ,
  • Ռազմավարական պլանավորում և կատարողականի գնահատում,
  • Որոշումների կայացման ոճեր։

Ընտրված թեմաները բավականին ընդգրկուն էին, որոնք կազմակերպվեցին ինտերակտիվ քննարկման ձևաչափով․ հիմնական շեշտը դրված էր դասախոսությունների, համագործակցային գործունեության, առաջադրանքների և գործնական վարժությունների կատարման վրա: Ինչպես նշեց Գ․ Գրիգորյանը. «Չափազանց կարևոր է կրթության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային նմանատիպ աշխատաժողովներին, որտեղ հնարավորություն ունես ոչ միայն հաղորդակից դառնալ կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, այլև կարող ես կիսվել սեփական փորձով ժամանակակից մանկավարժական մոտեցումների վերաբերյալ»:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին