Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն՝ «Գիտություն» ցուցահանդեսին

Ապրիլի 26, 2024

Ս.թ. ապրիլի 23-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը մասնակցեց ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության բակում կազմակերպված «Գիտություն» ցուցահանդեսին, որը մեկ հարկի տակ համախմբել էր ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, նրանց բազայի հիման վրա գործող ԳԿՄԿ տարբեր ամբիոնների, ԳԱԱ գործընկերների, ՀՀ պետական բուհերի: Միջոցառման նպատակն էր ձևավորել երկխոսության հարթակ գիտության և կրթության միջև, մեկտեղել գիտական ներուժը, իրազեկել ձեռքբերումների մասին:

Ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ՀՀ նախագահ Վ. Խաչատուրյանը, գործադիր իշխանության և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ շրջայց կատարեցին տաղավարներով և ծանոթացան մասնակից կառույցների կողմից ներկայացված հետաքրքիր գիտափորձերին և գիտակրթական ձեռքբերումներին: Հատկապես ուշադրության արժանացան Գիտակրթական միջազգային կենտրոնի նորաստեղծ «Ավիատիեզերական սարքաշինություն», «Բույսերի բազմազանություն և էկոհամակարգերի ուսումնասիրություններ», «Համակարգչագիտություն և ինքնավար համակարգեր» ամբիոնները, ինչպես նաև արդեն երկար տարիներ գործող «Երկրաբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Դեղագործական քիմիա», ամբիոնների ներկայացվածությունը, որոնք հանդես էին եկել առանձին տաղավարներով և հետաքրքիր կերպով ներկայացնում էին մագիստրոսական կրթական ծրագրերը, ամբիոնների գիտահետազոտական գործունեությունն ու ուսումնառության արդյունքները:

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվեցին տարբեր մրցույթներ, վիկտորինաներ և ինտերակտիվ խաղեր՝ ավելի հետաքրքիր դարձնելով միջոցառումն ու ներգրավելով այցելուներին։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին