Գլխավոր էջ





ԳԿՄԿ գիտական խորհրդում ամփոփվեցին 2023 թվականի աշխատանքները

Դեկտեմբերի 7, 2023

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԳԿՄԿ գիտական խորհրդի նիստ, որի օրակարգում ԳԿՄԿ-ի բոլոր ստորաբաժանումների 2023 թվականի աշխատանքների տարեկան հաշվետվությունների ներկայացումն էր:

Նիստին ներկա էին ԳԿՄԿ գիտական խորհրդի անդամները, ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները, գիտական խմբերի ղեկավարներ, ինչպես նաև Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության նախագահները:

Իր բացման խոսքում տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց հաշվետու տարվա ընթացքում ԳԿՄԿ-ի ունեցած հիմնական ձեռքբերումները: Այնուհետև ստորաբաժանումների ղեկավարները համապարփակ կերպով ներկայացրին կատարած աշխատանքները՝ նշելով կարևոր արդյունքները։ Ի թիվս մի շարք գրանցած հաջողությունների՝ անդրադարձ կատարվեց ԳԿՄԿ միջազգայնացման գործընթացին, որն ակտիվ վերելք է գրանցել և՛ գործընկեր կազմակերպությունների, և՛ միջազգային շարժունության առումներով, ընդգծվեց նոր բացված ամբիոնների և մագիստրոսական կրթական ծրագրերի բացառիկ կրթական հնարավորությունները, որոնք հաշվի են առնում աշխատաշուկայի ներկայիս պահանջները և տեխնոլոգիական ոլորտի առկա մարտահրավերները: Շեշտադրվեց նաև ԳԿՄԿ-ում ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների և ենթակառուցվածքների՝ այդ թվում նաև թվային ենթակառուցվածքների ստեղծումն ու զարգացումը, որոնք ծառայելու են որպես հետազոտական կարևոր հարթակներ տարբեր գիտական աշխատանքների իրականացման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար։ Ներկայացվեցին Կենտրոնի գիտակրթական գործունեության հիմնական արդյունքները, և առանձնահատուկ կարևորվեց ՀՀ և միջազգային գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացումն ու կապերի ընդլայնումը։

Նիստի ընթացքում գիտխորհրդի անդամների կողմից հաստատվեցին ԳԿՄԿ բոլոր ստորաբաժանումների և գիտական խմբերի հաշվետու տարվա ամփոփիչ հաշվետվությունները, ինչպես նաև քննարկվեցին բաժիններում առկա խնդիրների լուծմանն ու հաջորդ տարվա գործունեության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր և առաջարկներ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին