Գլխավոր էջ





ԳԿՄԿ-ն կարևորում է ուսանողների հետ պարբերական հանդիպումները. հանդիպում-քննարկում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ավագների հետ

Փետրվարի 22, 2021

Սույն թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ա. Մխիթարյանի նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում էր կազմակերպվել Կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության և առկա ուսուցման 1-ին և 2-րդ կուրսերի ավագների հետ: Քննարկմանը առկա և հեռավար ձևաչափերով մասնակցեց շուրջ 30 հոգի:

Հանդիպման նպատակը Կենտրոն-ուսանող կապի ամրապնդումն էր, ուսանողների բարձրացրած խնդիրների, բողոքների և առաջարկների ուսումնասիրությունը, համատեղ ջանքերով դրանց լուծումներ գտնելը: Կուրսերի ավագների բարձրացրած խնդիրներն առնչվում էին անհրաժեշտ գրականության հասանելիության ապահովմանը, դասացուցակներին ու դասաժամերի բաշխվածությանը, ուսումնական վարձավճարի զեղչերին, օտար լեզուների դասաժամերի ավելացմանը, մագիստրոսական թեզերին, գործնական հմտությունների ավելացմանը  և այլ թեմաների: Կարևորվեց ոչ ֆորմալ կրթության ձևաչափով դասընթացների կազմակերպումը, ինչպես նաև ուսանողների մասնակցությունը արտասահմանում և Հայաստանում կազմակերպվող ամառային դպրոցներին:

Որոշվեց նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպել պարբերաբար՝ յուրաքանչյուր կիսամյակում առնվազն երկու անգամ:

Հանրային կապերի և զբաղվածության բաժին