Գլխավոր էջ





ՀՀ ԿԳ նախարարը ծանոթացավ Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում իրականացվող ծրագրերին


Սույն թվականի դեկտեմբերի 25-ին ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում  Հայաստանի բարձրագույն կրթության  Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ)  շրջանակում դրամաշնորհներ ստացած հայաստանյան 10  բուհերը, այդ թվում և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական  միջազգային կենտրոնը, ներկայացրեցին դրամաշնորհային իրենց ծրագրերը: Միջոցառումը բացեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Իր խոսքում նախարարը նշեց, որ ժամանակակից բուհեր ունենալու համար պետք է ստեղծել արդիական ենթակառուցվածքներ, իսկ գիտական գործունեության համար` համապատասխան միջավայր և այլ պարագաներ ու գործոններ, որոնք բուհը դարձնում են ժամանակակից կրթական միջավայր, իսկ ուսանողները կարողանում են ստանալ ժամանակակից կյանքի ու աշխատաշուկայի պահանջները բավարարող կրթություն:
«Այսօր մենք իրականացնում ենք առաջին շահառուների նախագծերի շնորհանդեսը: Ուզում եմ շեշտել երկու հանգամանք, որոնցով մենք առավել ընդգծում ու կարևորում ենք այս նախագծի իրականացումը. մի դեպքում ժամանակակից բուհեր ունենալու հանգամանքն է, մյուս դեպքում` ՀՀ բուհերի ավելի բազմազան ու բազմատեսակ ֆինանսավորում իրականացնելը»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Ի դեպ, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի միջոցով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նպատակ ունի արդիականացնել ու ավելի արդյունավետ դարձնել բուհական համակարգը: 
ՀՀ ԿԳ նախարարը հենց տեղում շրջեց տաղավարներով և ծանոթացավ բուհական համակարգի զարգացման նախագծերին: 
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը սույն ծրագրի շրջանակներում նախատեսում է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում իրականացնել հեռավար շարունակական լրացուցիչ կրթական ծրագրեր, ստեղծել առցանց գիտաժողովի հագեցած դահլիճ և Ակադեմիայի համակարգում առաջին անգամ ներդնել հեռավար կրթության մշակույթ: