Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի առարկայական նկարագրերի համեմատական վերլուծության ներկայացումը Իլյա պետական համալսարանում

Հոկտեմբերի 8, 2019

«Շրջակա միջավայրի պաշտպանություն (բնապահպանություն)» կրթական ծրագրերի արդիականացում Հայաստանի և Վրաստանի համար» 598232-EPP-1-2018-1-IT-EPPKA2-CBHE-JP կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ բնապահպանության և բնօգտագործման ամբիոնում իրականացվել է դասավանդվող և դասավանդվելիք դասընթացների համեմատական վերլուծություն: Վերլուծությունը կատարվել է` դասընթացների բովանդակությունը համեմատելով միջազգային չափանիշներով առաջնորդվող եվրոպական գործընկեր համալսարանների (Տուշայի համալսարան, Լիսաբոնի տեխնիկական համալսարան, Մարտին Լյութերի Հալլե Վիթենբերգ համալսարան, Իտալիայի հետազոտությունների ազգային խորհուրդ) և եվրոպական այլ առաջադեմ համալսարանների (Վախենինգենի համալսարան ու հետազոտական կենտրոն, (Նիդերլանդներ), Նեապոլի Ֆրիդրիխ II-ի անվան համալսարան (Իտալիա), Ժնևի համալսարան (Շվեյցարիա), Օսլոյի համալսարան (Նորվեգիա), Ռեդինգի համալսարան (Անգլիա), Դուբլինի համալսարանական քոլեջ (Իռլանդիա), Նյուքասլի համալսարան (Անգլիա), Թրիերի համալսարան (Գերմանիա), Նորթումբրիայի համալսարան (Անգլիա) կողմից առաջարկվող համարժեք դասընթացների հետ:

Ծրագրի համակարգող Գևորգ Տեփանոսյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում արդիականացվող և նոր մշակվող 11 դասընթացների համեմատական վերլուծությունների արդյունքները: Ընդհանուր առմամբ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում» ամբիոնում դասավանդվող և դասավանդվելիք 11 դասընթացների առարկայական նկարագրերը 13 չափանիշների շրջանակներում համեմատվել են 12 առաջավոր գիտակրթական հաստատությունների կողմից կազմված առարկայական նկարագրերի հետ: Յուրաքանչյուր համեմատական վերլուծության վերջում դասախոսները ներկայացրել են հիմնական նմանությունները և տարբերությունները, ինչպես նաև բարեփոխման առաջարկներ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ-ում բնապահպանական կրթության ՍՎՈԹ վերլուծությունը, որը նույնպես իրականացվել էր մի քանի չափորոշիչների համաձայն, որը ներկայացնում էր բնապահպանական կրթության ներկա իրավիճակը ՀՀ-ում, շահեկիցներին, առկա ռեսուրսները և օրենսդրական կարգավորումները: