Մասնագիտական էքսկուրսիա Թբիլիսի
2016 թ. նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Զբոսաշրջության կառավարում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն իրենց առաջին գործնական պարապմունքն անցկացրին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ ամբիոնի դասախոս, դոցենտ Զարուհի Հայրյանի ղեկավարությամբ:
Գործնական պարապմունքի հիմնական նպատակներն էին՝ ընդհանուր ծանոթացում Թբիլիսիի տուրիստական ենթակառուցվածք-ներին, այցելություն Սուրբ Գևորգ և սուրբ Էջմիածին եկեղեցիներ, այցելություն նկարիչ-քանդակագործ Զուրաբ Ծերեթելիի թանգարան, «Հյուրանոցային գործ» թեմայով դասընթաց «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցում, այցելություն Մցխեթա քաղաքի առողջարան և ծանոթացում տեղի պատմամշակութային ներուժին:
Թբիլիսիում ուսանողները կատարեցին գիդ-էքսկուրսավարի աշխատանքը: Նրանցից յուրաքանչյուրն ուներ որոշակի հանձնարարական` ներկայացնել քաղաքի այս կամ այն տուրիստական ենթակառուցվաածքը: Էքսկուրսիաների հիմնական վայրերն էին քաղաքի կենտրոնը, Շ. Ռուսթավելու հրապարակն ու հուշարձանը, Սայաթ-Նովայի և Մանթաշևի հուշարձանները, Սուրբ Գևորգ և Ս. Էջմիածին եկեղեցիները, Հավլաբար փողոցը:
«Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցի աշխատակիցները ուսանողներին ծանոթացրին հյուրանոցի ծառայություններին ու հյուրանոցային համարների տարբեր տեսակներին:
Այս ուղևորությունը, լինելով կրթական-մշակութային, կրոնական և գաստրոնոմիկ տուրիզմի համակցում, համալրեց ուսանողների գիտելիքները և դարձավ մասնագիտական էքսկուրսիաների անցկացման առաջին փորձը: