Կայացավ AFISHE ծրագրի բենչմարքինգ իրականացնող թիմի հեռավար հանդիպումը
Փետրվարի 16, 2023Ս/թ փետրվարի 14-ին տեղի ունեցավ «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի բենչմարքինգ իրականացնող թիմի (ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն) հեռավար աշխատանքային հանդիպումը, որի նպատակն էր ծրագրի շրջանակներում մշակվող և դասավանդվող դասընթացների համեմատական վերլուծության (benchmarking) ընթացակարգի, հաշվետվության ձևանմուշի և մի շարք այլ հարցերի քննարկումը:
Եվրոպական և միջազգային առաջավոր փորձի համեմատական վերլուծությության շնորհիվ կմշակվեն ակվակուլտուրայի և ձկնաբուծության կրթական ծրագիր և դասընթացի մոդուլներ, որոնց հիման վրա ծրագրի ավարտից հետո կտրամադրվի համատեղ/կրկնակի դիպլոմ: Սա կլինի ծրագրի երկարաժամկետ ազդեցություններից մեկը և կապահովի ծրագրի շարունակականությունն ու կայունությունը: Բենչմարքինգի իրականացման շրջանակում շուրջ 30 միջազգայնորեն ճանաչված մագիստրոսական կրթական ծրագրեր մանրամասն կուսումնասիրվեն ակվակուլտուրայի և ձկնաբուծության մագիստրոսական ծրագրերի իրականացման լավագույն փորձի մասին հստակ պատկերացում կազմելու և այն տեղայնացնելու համար:
Հեռավար հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին իրենց հուզող հարցերը, վերջնական տեսքի բերվեց բուհերի և մագիստրոսական ծրագրերի ցանկը, սահմանվեցին հստակ վերջնաժամկետներ բենչմարքինգի հաշվետվությունների ներկայացման համար։
Պորտալում հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 28-ը:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին