Կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մասնակցեցին երկշաբաթյա վերապատրաստման դասընթացի
Մայիսի 10, 2022Ս.թ ապրիլի 23-ից մայիս 7-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ ի դեմս Կենտրոնի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյանը, Դեղագիտության ամբիոնի վարիչ. ք.գ.թ. Սյուզաննա Թոսունյանը, Մոլեկուլային և բջջային կենսաբանության ամբիոնի դասախոս, կ.գ.թ. Գոհար Ցականովան, Ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի դասախոս ֆ.մ.գ.թ. Սերգեյ Աբրահամյանը մասնակցեցին երկշաբաթյա վերապատրաստման դասընթացի՝ առկա և հեռավար ձևաչափերով:
Վերապատրաստման դասընթացը մշակվել էր Հայաստանի գիտությունների ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից և իրականացվում էր Բրիտանական խորհրդի «Ստեղծարար Միտք» (SciNova) նախաձեռնության շրջանակներում: Ծրագրի գործընկերն էր Մեծ Բրիտանիայի Ասթոն (Aston) համալսարանը:
Դասընթացը բաղկացած էր երեք մոդուլից.
● «Գիտահետազոտության մեթոդաբանություն»,
● «Գիտական նորարարությունների առևտրայնացում»,
● «Դասավանդման մեթոդաբանություն»:
Վերապատրաստման դասընթացի արդյունքում ակնկալվում է.
● ՀՀ բուհերի ուսանողներին զինել գիտական հետազոտության իրականացման արդի հմտություններով,
● զարգացնել հետազոտության արդյունքները նորարարությունների վերածելու կարողությունները,
● վերափոխել գիտության հանդեպ հայ երիտասարդության վերաբերմունքն ու ցույց տալ գիտության գործնական նշանակությունն ու շոշափելի օգուտները:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին