«ԳԿՄԿ-ում ստացա տեսական գիտելիքների մեծ պաշար, որոնք հնարավորություն ունեցա ամրապնդել նաև գործնականում», - ԳԿՄԿ շրջանավարտ Շողակաթ Արոյան
Հուլիսի 18, 2024Շողակաթ Արոյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Իրավագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի հեռակա ուսուցման այս տարվա մեր շրջանավարտներից է: Շողակաթի հետ զրուցեցինք ստացած կրթության, իրականացրած հետազոտական աշխատանքի և այլ հարցերի շուրջ:
1.Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ուսման տարիները ԳԿՄԿ-ում:
Վստահաբար, կարող եմ ասել, որ ուսումնառությանս տարիները ԳԿՄԿ-ում բավականին հագեցած էին. դա առաջին հերթին պայմանավորված էր ընտրածս մասնագիտության վերաբերյալ իմ մեծ հետաքրքրությամբ, բանիմաց ու արհեստավարժ դասախոսների դասավանդման մեթոդների բազմազանությամբ, ինչպես նաև առարկայացանկի հագեցվածությամբ։ ԳԿՄԿ-ում ստացա տեսական գիտելիքների մեծ պաշար, որոնք հնարավորություն ունեցա ամրապնդել նաև գործնականում և կիրառել ինչպես պրակտիկայի, այնպես էլ մասնագիտական-աշխատանքային գործունեությանս ընթացքում։
2.Իրավագիտության բնագավառի ո՞ր ճյուղն է ձեզ ավելի հոգեհարազատ:
Ինձ առավել հոգեհարազատ է քաղաքացիական իրավունքը և դրա առանձին ճյուղերը։ Հետաքրքրությունս նախևառաջ պայմանավորված է իմ աշխատանքով, ինչպես նաև այն իրավական հարցերով, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիական իրավունքին։
3. Ո՞րն է ձեր մագիստրոսական թեզի թեման, և ի՞նչ հետազոտություն եք իրականացրել դրա շրջանակներում:
Մագիստրոսական թեզիս թեման է «Պետական իշխանությունը՝ որպես հասարակական իշխանության հատուկ տարատեսակի դեր ու ձև»:
Հետազոտության ընթացքում իրականացվել է իշխանության հասկացության, պետական իշխանության էության և առանձնահատկության բացահայտում, սահմանվել են պետական իշխանության առանձնահատկությունները: Իրականացվել է պետական իշխանության աղբյուրի ուսումնասիրություն, վեր են հանվել դրա իրավական կարգավորման դրույթները ժողովրդավարական հասարակարգում: Վերլուծվել են պետական իշխանության մարմինների գործառույթային առանձնահատկությունները: Հետազոտական մասում կատարել եմ ՀՀ-ում պետական իշխանության առաջացման, իշխանության տարանջատման և հավասարակշռման ուսումնասիրություն: Մասնավորապես, ներկայացվել է պետական իշխանության մարմինների գործունեության սահմանդրաիրավական հիմքերը, ներկայացվել են իշխանության առանձին ճյուղերի լիազորությունները, իրավասությունները և վերահսկողության մեխանիզմները: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են առկա հիմնախնդիրները և մշակվել դրանց լուծման, օրենսդրական բացերի նորմատիվ իրավական կարգավորման առաջարկություններ:
4.Որտե՞ղ եք աշխատում ներկա պահին, և ԳԿՄԿ-ում ստացած ո՞ր գիտելիքներն են հատկապես կիրառելի ձեր աշխատանքում:
Ներկայումս աշխատում եմ փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբանի օգնական։ Իմ աշխատանքում կիրառելի են բոլոր այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել ուսումնառությանս ընթացքում քաղաքացիական իրավունքի ու դրա առանձին ճյուղերի ուսումնասիրության արդյունքում:
5. Բացի աշխատանքից և կրթությունից՝ ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք։
Սիրում եմ զբաղվել մասնագիտական ընթերցանությամբ։ Ազատ ժամանակ լինելու դեպքում՝ սիրում եմ շրջագայել։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին