Գլխավոր էջ





«Ժամանակին կայացրել եմ կյանքիս լավագույն որոշումներից մեկը՝ մագիստրոսի կոչումն ստանալ հենց ԳԿՄԿ-ում», - ԳԿՄԿ շրջանավարտ Քրիստինա Թորոսյան

Հուլիսի 3, 2024

Քրիստինան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կառավարման ամբիոնի «Գործարար վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա մեր շրջանավարտներից է: Քրիստինեի հետ խոսեցինք ստացած կրթության, աշխատանքի և այլ հարցերի շուրջ:

-Ինչու՞
ընտրեցիք հենց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գործարար վարչարարության մագիստրոսական կրթական ծրագիրը:

-Ընտրությունս պատահական չէ, քանի որ արդեն ծանոթ էի տվյալ բնագավառին և բակալավրի աստիճանով հենց կառավարման մասնագետ էի, ուզում էի էլ ավելի ամրապնդել գիտելիքներս և ոլորտում կայացած մասնագետ դառնալ, այդ պատճառով որոշեցի ստանալ նաև մագիստրոսի աստիճան: Իսկ ԳԿՄԿ գործարար վարչարարության ուսումնական ծրագիրն իր ողջ դասախոսական կազմով նպաստեց, որ այսօր էլ ավելի ամուր կանգնեմ ոտքերիս վրա և առաջ շարժվեմ ստացածս գիտելիքներով:

-
Ինչպե՞ս կբնութագրեք ձեր ուսման տարիները ԳԿՄԿ-ում:

-Գիտելիքներով, հետաքրքրություններով, ընկերներով և մասնագիտական աճով լցված երկար ու ձիգ, բայց վայրկյանի պես թռչող 1,5 տարիներ։ Ոգևորիչ է, երբ կողքիդ տեսնում ես մասնագետների, ովքեր քեզ ամեն կերպ փորձում են ուղղորդել ճիշտ ճանապարհով և տեսնել քեզ բարձունքներում: Այսօր արդեն գիտակցում եմ, որ ժամանակին կայացրել եմ կյանքիս լավագույն որոշումներից մեկը՝ մագիստրոսի կոչումն ստանալ հենց ԳԿՄԿ-ում։

-
Ո՞րն է ձեր մագիստրոսական թեզի թեման, և ի՞նչ հետազոտություն եք իրականացնում դրա շրջանակներում:

-Մագիստրոսական թեզիս թեման է «Բիզնես կառավարման նոր մոդելները և դրանց տեղայնացման հիմնահարցերը ՀՀ-ում», որը շատ արդիական է, քանի որ մենք գտնվում ենք զարգացման փուլում, կազմակերպությունները պետք է կարողանան և ձգտեն կիրառել բիզնես կառավարման նոր մոդելներ, որոնց միջոցով հասնեն տնտեսության զարգացման բարձր մակարդակի։ Թեզի շրջանակներում իրականացրինք խորքային ուսումնասիրություն և վերլուծություն ընտրված կազմակերպություններում՝ պարզելու համար արդյո՞ք կիրառվում են նոր մոդելները և որքան են դրանք դրական դինամիկա ապահովում կազմակերպությունների համար։

-
Որտե՞ղ եք աշխատում ներկա պահին, և ԳԿՄԿ-ում ստացած ո՞ր գիտելիքներն են հատկապես կիրառելի ձեր աշխատանքում:

-Ներկա պահին աշխատում եմ «Սուպերբոտ ՍՊԸ» ընկերությունում՝ որպես տվյալների վերլուծաբան (Data Analytics)։ Միանշանակ ԳԿՄԿ-ում ստացել եմ շատ գիտելիքներ, որոնք հնարավորություն են տվել թիմում աշխատել, ճիշտ կառավարել ժամանակս և իրականացնել խելացի մենեջմենթ։

-
Ըստ ձեզ՝ հաջողությունը բախտ է, թե՝ աշխատասիրության արդյունք:

-Հաջողությունը գալիս է հենց աշխատասիրությունից։ Եթե կա նպատակ, որին երբեք հեշտ չի տրվում հասնել, պետք է շատ աշխատել, որ կարողանաս վայելել աշխատանքիդ արդյունքները։ Հաջողությունը հաղթանակ է, և որպես մարդ, ով իրեն համարում է հաջողակ, խորհուրդ եմ տալիս կյանքում միշտ ձգտել հաջողության և այն չասոցացնել միայն ֆինանսականի հետ, կյանքում փորձեք հաջողակ լինել երջանիկ մարդ լինելով, քանի որ հաջողությունը և երջանկությունն, ըստ իս, հոմանիշներ են։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին