Գլխավոր էջ





«ԳԿՄԿ-ն նպաստում է ուսանողի հետագա գիտական գործունեության շարունակությանը»,- ԳԿՄԿ շրջանավարտ Սուսաննա Նարիմանյան

Դեկտեմբերի 19, 2023

Սուսաննա Նարիմանյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լեզվաբանության ամբիոնի շրջանավարտ է: Սուսաննայի հետ զրուցեցինք մեր օրերում լեզվաբանության դերի, մագիստրատուրայի և այլ հարցերի շուրջ:

-Ի՞նչ դեր է ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

-Սովորելով ԳԿՄԿ-ում՝ ստացել եմ մասնագիտական խորը գիտելիքներ, ձեռք եմ բերել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց ԳԿՄԿ-ի լեզվաբանության ամբիոնը:

-Ուսումնասիրելով ԳԿՄԿ-ի գործունեությունն ու կրթական ծրագրերը՝ հասկացել եմ, որ ի տարբերություն այլ ուսումնական հաստատությունների՝ ԳԿՄԿ-ն ոչ միայն ապահովում է մասնագիտական գիտելիքներով, այլև նպաստում է ուսանողի հետագա գիտական գործունեության շարունակությանը՝ մեծ ներդրում ունենալով ապագա գիտնականի աշխարհայացքի ձևավորմանը: Հենց դա էլ իմ՝ ԳԿՄԿ-ի ընտրության պատճառ հանդիսացավ:

-Ո՞րն է ձեր կարծիքով լեզվաբանության դերը մեր օրերում:

-Իմ կարծիքով, ոչ միայն մեր օրերում, այլև մարդկության գոյության ողջ ընթացքում, լեզվաբանությունը միտված է բացահայտելու մարդկային լեզվի ծագման գործընթացը, ներկայացնելու լեզվի զարգացման ճանապարհները և ցույց տալու լեզվի տեղն ու դերը հասարակական կյանքում: Իսկ ես դպրոցական տարիներից ի վեր հետաքրքրված եմ եղել լեզվաբանությամբ և վստահ եղել, որ հենց այդ ուղղությամբ էլ պետք է առաջ շարժվեմ:

-ԳԿՄԿ-ում սովորելու տարիներից ի՞նչն է ամենից շատ տպավորվել:

-Կարող եմ վստահ ասել, որ ԳԿՄԿ-ում սովորելու տարիներն անցել են բավականին արդյունավետ և մասնագիտական տեղեկատվությամբ հագեցած: Ես հատկապես տպավորվել եմ դասախոսների դասավանդման հետաքրքիր մոտեցումներով և ուսումնական նյութի մատուցմամբ, ինչի շնորհիվ ձեռք եմ բերել կայուն լեզվամտածողություն և գիտելիքներ:

-Որպես ԳԿՄԿ շրջանավարտ՝ ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա մագիստրանտներին:

-Մագիստրանտներին խորհուրդ կտամ ջանասիրաբար սովորել, մասնակցել ԳԿՄԿ-ի կողմից կազմակերպված գիտահետազոտական միջոցառումներին, որոնք նպաստում են գիտական մտքի զարգացմանը, գիտության հանդեպ կայուն արժեհամակարգի ձևավորմանը:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին