Գլխավոր էջ





67 տարեկան Սուսաննա Ճուղուրյանը կրկին ուսանողուհի է

Հոկտեմբերի 30, 2023

Սուսաննա Ճուղուրյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի մագիստրոսական ծրագրի ուսանող է, ով 67 տարեկան հասակում որոշեց ընդունվել մագիստրատուրա՝ այդկերպ դառնալով Հայաստանի ամենաառանձնահատուկ ուսանողը:

Տիկին Ճուղուրյանի հետ զրուցել ենք 67 տարեկանում մագիստրատուրա ընդունվելու, հոգեբանության մասնագիտությունն ընտրելու, ԳԿՄԿ-ում ունեցած ձեռքբերումների և մի շարք այլ հարցերի մասին:

-Տիկի՛ն Ճուղուրյան, մագիստրատուրա ընդունվելու ձեր օրինակը բավականին վարակիչ է երիտասարդ ուսանողների համար: Իսկ ձեզ ի՞նչն է մոտիվացրել 67 տարեկանում կրկին ուսանող դառնալու համար:

-1978 թ.-ին ավարտելով Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը, ինձ նաև սկսեց հետաքրքրել հոգեբանությունը՝ որպես գիտություն, քանի որ զգում էի հոգեբանության դերն ու նշանակությունը իմ կյանքի բոլոր բնագավառներում՝ թե՛ ընտանիքում, թե՛ հասարակության մեջ: Տասնյակ տարիներ շարունակ եղել եմ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն, ղեկավարել 60 հոգանոց աշխատակազմ և հասկացել, որ իմ հոգեբանական գիտելիքների շնորհիվ՝ կարողացել եմ կառուցել ճիշտ միջանձնային հարաբերություններ: Բայց, հաշվի առնելով, որ հոգեբանությունը դինամիկ ու զարգացող գիտություն է, իմ խորհրդային տարիների բացթողումները որոշեցի լրացնել՝ ընդլայնելով գիտելիքներս:

-Ինչու՞ ընտրեցիք ԳԿՄԿ-ն և կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի մասնագիտությունը:

-Մանկուց երազում էի դառնալ բժշկուհի, բայց հասկացա, որ կարող եմ լինել «հոգու բժիշկ»՝ զարգացնելով գիտելիքներս ժամանակակից կլինիկական հոգեբանության բնագավառում: Այդ իսկ պատճառով 67 տարեկան հասակում որոշեցի ընդունվել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կլինիկական հոգեբանության և հոգեթերապիայի կրթական ծրագրի մագիստրատուրա, քանի որ մինչ այդ շատ էի լսել ամբիոնի գիտակ ու փորձառու պրոֆեսորադասախոսական կազմի մասին, մասնավորապես՝ ամբիոնի վարիչ տիկին Նաիրա Հակոբյանի, ով մեծ վաստակ և կենսափորձ ունի:

-Համակուրսեցիները ձեր թոռնիկների տարիքին են, սերունդների տարբերությունը չի՞ խանգարում ուսման մեջ:

-Երբ որոշեցի ընդունվել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, անկեղծ ասած, ինձ անհանգստացնում էր ինտեգրվելու խնդիրը՝ տարիքային առանձնահատկությունից ելնելով, սակայն շատ կարճ ժամանակահատվածում մենք հրաշալի ընկերներ դարձանք, կուրսում ձևավորվեց շատ առողջ միջավայր, որտեղ ինձ զգում եմ ավելի աշխույժ, երիտասարդ և ձգտում իմ երազանքների իրագործմանը:

-
Ձեր կարծիքով՝ աշխատանքում հաջողության հասնելու համար ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ մարդուն:

-Կյանքում հաջողությունների հասնելու համար առաջին հերթին պետք է սիրել կյանքը, քանի որ այն այդ սիրո դիմաց վարձատրում և պարգևատրում է հաղթանակներով ու նոր նվաճումներով: Երբ մարդը նպատակասլաց է, բարի և հանդուրժող, հաջողությունն իր կյանքի ուղեկիցն է դառնում: Շատ կարևոր է նաև գնահատել կյանքն իր բարդություններով, քանի որ հենց դրանց հաղթահարումն է նպաստում իմաստության և խոհեմության զարգացմանը, բացում հաջողության նոր դռներ:

-Կարո՞ղ եք մատնանշել ձեր ձեռքբերումները ԳԿՄԿ
-ում սովորելու ընթացքում։

-Այս 1,5 տարիների ընթացքում այնքան կայուն ու հիմնավոր գիտելիքներ եմ ստացել, որ դրանք վստահաբար կարող եմ օգտագործել ժամանակակից պահանջարկ ունեցող կլինիկական հոգեբանության բնագավառում: ԳԿՄԿ-ում սովորելու ընթացքում իմ հրաշալի դասախոսների շնորհիվ՝ նաև կարողացա բացահայտել իմ ամբողջ ներուժը ու մասնագիտական հնարավորությունները:

-Հաշվի առնելով ձեր փորձը՝ ի՞նչ խորհուրդ կտաք այսօրվա երիտասարդ ուսանողներին:

-Ես կոչ եմ անում բոլորին վստահ քայլերով գնալ իրենց երազանքների հետևից: Երբ ցանկությունը մեծ է, տիեզերքն իր ողջ ուժով աշխատում է ձեր երազանքն իրականացնելու ուղղությամբ: Սա է այն փորձը, որը, միանշանակ, կարող եմ փոխանցել երիտասարդ ուսանողներին:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին