Գլխավոր էջ





Փափուկ հմտությունների լաբորատորիա. Արցախի երիտասարդները մարզերի երիտասարների համար

Հունվարի 30, 2025

Օրերս ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատի հետ կնքված հուշագրի շրջանակներում իրականացվեց «Փափուկ հմտությունների լաբորատորիա. Արցախի երիտասարդները մարզերի երիտասարդների համար» կրթական պիլոտային նախագիծը:


Կենտրոնի Օտար լեզուների ամբիոնը, Եվրամիության ֆինանսավորմամբ և DAAD Georgia-ի համակարգմամբ իրականացվող EU4Dialogue նախաձեռնության շրջանակներում, դեկտեմբերին կյանքի կոչեց «Մասնագիտական և փափուկ հմտությունների զարգացում տեղահանված արցախցի երիտասարդների համար» նախագիծը, որը հաջողությամբ ավարտած երիտասարդներին հնարավորություն ընձեռվեց ստացած գիտելիքներն ու հմտությունները ներկայացնելու մարզերի իրենց տարեկիցներին: 


Ծրագրի դասընթացների համակարգող Կարոլինա Սահակյանի ղեկավարությամբ մասնակիցներն այցելեցին Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատ և ներկայացրին քննադատական մտածողության, ժամանակի կառավարման, հաղորդակցության հմտությունների և հարցազրույցների ռազմավարությունների մասին պատրաստած նյութեր՝ համեմված սեփական փորձով, ինտերակտիվ խաղերով և տեսանյութերով:


Մեկօրյա ծրագրի շրջանակում իրականացված միջոցառմանը մասնակցել են Էջմիածնի տարբեր կրթական ու մշակութային հաստատություններից 13-20 տարեկան 25 երիտասարդներ, որոնք ակտիվ ներգրավվել են դասընթացին՝ ակնկալելով, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:


Այս դասընթացն առաջինն էր այն կրթական միջոցառումներից, որ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնը նախատեսում է իրականացնել 2025 թվականի ընթացքում:

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին