Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ներկայացուցիչները՝ Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանի վերապատրաստման միջազգային շաբաթին

Հոկտեմբերի 29, 2024

Ս.թ.հոկտեմբերի 14-18-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը և արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Պապիկյանը մասնակցել են Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանում կայացած Էրազմուս+ ծրագրի միջազգային շաբաթին, որին ներկա էին ավելի քան 30 ներկայացուցիչներ՝ Հայաստանի, Ռումինիայի, Իտալիայի, Ալժիրի, Նիգերիայի, Վրաստանի, Ուկրաինայի և այլ երկրների համալսարանների դասախոսական և վարչական անձնակազմի անդամներ:


Վերապատրաստման միջազգային շաբաթը նվիրված է եղել Եվրոպական կրթական տարածքում և ամբողջ աշխարհում այժմ լայն տարածում գտած մոդուլային ուսուցման նոր տեսակին՝ միկրոհավատարմագրմանը: Այն կարճատև, ճկուն և նպատակաուղղված կրթական միջոց է՝ օգնելու ուսանողներին` զարգացնելու իրենց անձնական և մասնագիտական աճի համար անհրաժեշտ գիտելիքները, հմտությունները և կարողությունները:


Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Իտալիայում գործող ազգային BESTR թվային հարթակը (կայք՝ http://bestr.it), որ հավաստում է ուսանողների ձեռք բերած մասնագիտական որակավորումները և գիտելիքները՝ ուսանողներին տրամադրելով թվային հավաստագրեր (Open/Digital Badge)՝ թվային եղանակով նրանց ինքնակենսագրականներում տեղադրելի:


ԳԿՄԿ ներկայացուցիչները վերապատրաստման շրջանակներում այցելել են Նեապոլի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանի Apple Developer ակադեմիա (կայք՝ https://www.developeracademy.unina.it/en/)  որտեղ ծանոթացել են գործող ծրագրերին՝ կենտրոնացված ծրագրային ապահովման մշակման, ստարտափների ստեղծման և հավելվածների նախագծման վրա, և որոնցում շեշտադրված են նախագծային ուսուցումը, ստեղծարարությունը և համագործակցությունը: Այդ ծրագրերը դասավանդվում են անգլերեն և հասանելի են նաև միջազգային ուսանողներին: