Գլխավոր էջ





Աշխատակազմի վերապատրաստման շաբաթ Իտալիայում՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակության մասնակցությամբ

Դեկտեմբերի 23, 2024

Սույն թվականի դեկտեմբերի 16-20-ը Erasmus+ ծրագրի շրջանակներում Իտալիայի Տուշայի համալսարանում իրականացվել է աշխատակազմի վերապատրաստման շաբաթ՝ մոտ 2 տասնյակ երկրների բուհական ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի թիմը՝ տնօրեն Ա.Սարգսյանի գլխավորությամբ, ևս եղել է մասնակիցների շարքում։ Կենտրոնի պատվիրակությունը ձևավորված է եղել թե՛ վարչակազմի, թե՛ դասախոսական կազմի ներկայացուցիչներից, մասնավորապես՝ տնօրեն Արմեն Սարգսյան, գիտական քարտուղար Մերի Սարգսյան, Որակի ապահովման բաժնի պետ Նարինե Վարդանյան, Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Արմեն Եղոյան, Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյան, Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի վարիչ Լիլիթ Սահակյան, նույն ամբիոնի դասախոս Դավիթ Պիպոյան։


Տուշայի համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ունի բազմամյա և սերտ համագործակցության պատմություն, որը մեկնարկել է դեռ 2016 թվականից։


Հնգօրյա վերապատրաստումն անցել է բավականին հագեցած օրակարգով՝ դասընթացավարների և խոսնակների ներկայանալի, փորձառու կազմով։ Իսկ վերապատրաստման միջազգային շաբաթի բովանդակության առանցքային թեման նվիրված է եղել գործող կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի զարգացման ու նոր ծրագրերի ներդրման գործընթացին։


Վերապատրաստման շաբաթն անցել է փորձի փոխանակման կառուցողական միջավայրում՝ ապահովելով բուհական միջավայրի բարելավման համար անհրաժեշտ արդիական փորձ, նոր գաղափարներ և միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։ Այցի շրջանակներում Կենտրոնի անձնակազմը շրջայցեր է կատարել նաև Տուշայի համալսարանի տարբեր ստորաբաժանումներում՝ մոտիկից ծանոթանալով կրթական և հետազոտական գործընթացների կազմակերպման տեղական փորձին, ինչպես նաև ձեռք բերելով առանձին նախագծերով համագործակցության նոր պայմանավորվածություններ։

 

 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին



  

  

  

  

.