Գլխավոր էջ





Կայացավ ամենամյա միջազգային գիտաժողովը

Մայիսի 26, 2025

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում (ԳԿՄԿ) 2025 թվականի մայիսի 23-ին կայացավ Կենտրոնի ամենամյա միջազգային գիտաժողովը: Տարեցտարի ընդարձակվող այդ նշանակալի գիտական իրադարձությունն այս տարի ներառել էր ավելի քան 50 մասնակցի՝ հայաստանյան և ռուսաստանյան տարբեր գիտական և կրթական հաստատություններ ներկայացնող: Գիտաժողովը կայացավ հիբրիդային ձևաչափով (առկա, առցանց): Ռուսաստանից ժամանել էր մեծ պատվիրակություն, որի կազմում էին նաև մշտական մասնակիցներ:

Գիտաժողովը բացեց ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը,  ողջույնի խոսքով հանդես եկան ԳԿՄԿ գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն Նաիրա Հակոբյանը և ԳԿՄԿ դեկան Ատոմ Մխիթարյանը։

ԳԿՄԿ տնօրեն, տնտ․ գիտ․ թեկնածու Արմեն Սարգսյանը ողջունեց բոլոր մասնակիցներին և հատկապես արտերկրից ժամանած հյուրերին, հաջողություն մաղթեց գիտաժողովի ընթացքին՝ իր խոսքում, մասնավորապես, շեշտադրելով «Ժամանակակից աշխարհում, թվային տեխնոլոգիաները վերափոխում են մեր ապրելակերպը, մտածողությունը և, իհարկե, գիտական ու կրթական համակարգերը։  Դա նոր հնարավորությունների կողքին բերում է նաև լուրջ մարտահրավերներ՝ մասնագիտական պատրաստվածության, ճանաչողական հմտությունների, տեխնոլոգիական ինտեգրման առումով։ Եվ հենց այսպիսի գիտաժողովները հնարավորություն են տալիս վերարժևորելու մեր մոտեցումները, համադրելու միջազգային փորձը և հասկանալու, թե ինչպես ենք տեսնում գիտակրթական համակարգի ապագան։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը միշտ կարևորել է գիտական հաղորդակցության և միջմշակութային համագործակցության դերը։ Մենք ձգտում ենք ստեղծել հարթակներ, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, ձևավորվում են գործընկերային կապեր և խթանվում է գիտահետազոտական մտքի զարգացումը։

Հատուկ ուզում եմ ընդգծել մեր ռուս գործընկերների մասնակցությունը, ովքեր ոչ միայն կիսվում են իրենց փորձով ու գիտական արդյունքներով, այլ նաև ձևավորում են համագործակցային կամուրջներ մեր երկրների միջև։

Հուսով եմ, որ այս գիտաժողովը կլինի ոչ միայն արդյունավետ, այլև ոգեշնչող, հատկապես՝ երիտասարդ մասնակիցների համար։ Թող այստեղ ծավալվող քննարկումներն ու գաղափարները իրենց տեղը գտնեն հետագա համատեղ նախագծերի ձևավորման և համագործակցությունների ամրապնդման գործում»։

ԳԿՄԿ փոխտնօրեն, հոգեբ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանն իր խոսքում նշեց․ «Կասկած չի հարուցում առաջադրված թեմատիկայի արդիականությունն ու հրատապությունը, քանզի մարդկության զարգացման ներկա փուլում, երբ հարափոփոխ աշխարհում տեղի են ունենում գլոբալիզացիոն և ինտեգրացիոն գործընթացներ, թվային տեխնոլոգիաների ակտիվ ներդրում հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, լրջորեն փոխակերպվում են ոչ միայն գերժամանակակից համարվող, այլև ավանդական, դարեր ի վեր ձևավորված ինստիտուտներն ու կառույցները։ Արագորեն վերափոխվում է սոցիալական հաղորդակցությունների աշխարհը՝ այն ավելի ու ավելի մեծ չափով փոխարինելով վիրտուալով։ Թվայնացումը՝ որպես համաշխարհային հասարակական զարացման շարժիչ, հիմնովին փոխում է մտածողության կարծրատիպերը, շրջապատող իրականության ընկալման միջոցները, ներմուծում վարքագծային նոր կանոններ։ Թվայնացվող աշխարհը մարդկանց տալիս է նոր գործիքների հնարավորություններ, բազմազանություն և ընտրություն կատարելու չափազանց մեծ հնարավորություն․․․․ Ահա այս փնտրտուքի հոլովույթում ձևավորվեց «Գիտության և կրթության հիմնախնդիրները թվային փոխակերպումների դարաշրջանում» վերտառությամբ միջազգային գիտաժողովի մտահղացումը, որին արձագանքեցին մասնակիցներ ամենատարբեր ոլորտներից ու գիտական կենտրոններից։ Լիահույս ենք, որ գիտաժողովի ընթացքում հնչող նորարարական մտքերը և տեսլականները լույս կսփռեն շատ ու շատ կնճռոտ հարցերի վրա և կբացեն հետազոտության նորանոր հարացույցներ»։

ԳԿՄԿ դեկան, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծեց, որ թվայնացման արդի ժամանակաշրջանը գիտության և կրթության առջև դնում է լուրջ մարտահրավերներ, և այս կարգի միջոցառումները բացառիկ հնարավորություն են տալիս՝ վերանայելու գիտության և կրթության համակարգերի կառավարման մեր մոտեցումներն ու ռազմավարական սկզբունքները։

Ողջույնի հատվածում հանդես եկավ նաև ԳԿՄԿ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը՝ ողջունելով հատկապես Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ից ժամանած հյուրերին և անդրադարձ կատարելով այդ կառույցի հետ ԳԿՄԿ-ի ունեցած համագործակցության պատմությանը։

Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարանի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի համալսարանական գործընկերության կենտրոնի տնօրեն, քաղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Աննա Գարմոնովան, որ ԳԿՄԿ ամենամյա գիտաժողովի մշտական մասնակիցներից է, լիագումար նիստի իր զեկույցից առաջ նշեց, որ այս անգամ իր ոչ միանձնյա՝ ողջ պատվիրակությամբ, ժամանելը խոսում է այն մասին, որ գիտաժողովը զարգացրել է իր շրջանակները և մեծացրել իր  նկատմամբ հետքաքրքրությունը։

Լիագումար նիստին ներկայացվեցին հետևյալ զեկույցները՝

  • Աննա Գարմոնովա (ՌԴ), քաղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ, «Բուհերի դասախոսների մասնագիտական ռազմավարությունները. հետազոտության արդյունքները»,
  • Գոհար Գրիգորյան (ՀՀ), բանաս․ գիտ․ թեկնածու, դոցենտ, «Երբ քերականությունն ու գրականությունը համատեղվում են. խնդրի և դրա դրսևորումների ուսումնասիրությունը Թոմաս Հարդիի «Երկուսը աշտարակի վրա» վեպում»,
  • Սվետլանա Սուչկովա (ՌԴ), բանաս․ գիտ․ թեկնածու, դոցենտ,  «Հրատարակչական գործունեություն. համալսարանի աշխատակիցների կոմպետենտության պակասը»,
  • Արփինե Հարությունյան (ՀՀ), քիմ․ գիտ․ թեկնածու, «Արհեստական բանականությունը դեղագործության ոլորտում»,
  • Սերգեյ Գավրիլով (ՌԴ), տեխն․ գիտ․ թեկնածու, «Բուհերի դասախոսներ. ճանաչողական ինտեգրում»,
  • Արայիկ Ֆիրյան (ՀՀ), հոգեբ․ գիտ․ թեկնածու, դոցենտ, «Տեղահանվածների հոգեսոցիալական ապրումների դինամիկան և հարմարվողականության հոգեբանական մեխանիզմները»։

Գիտաժողովը շարունակվեց առանձին բաժանմունքներում՝ նվիրված գիտության ամենատարբեր բնագավառների և դրանցում առկա բազմազան ու արդիական թեմաների՝ տեղավորված գիտաժողովի ընդհանուր խորագրի տակ։ Ողջունելի է, որ գիտաժողովին զեկույցներով մասնակցություն ունեցան նաև ԳԿՄԿ մի շարք մագիստրանտներ և ասպիրանտներ՝ օգտվելով գիտական զեկույցներով հանդես գալու փորձ ձեռք բերելու և դեպի միջազգային գիտություն իրենց ուղին հարթելու՝ գիտաժողովի ընձեռած բացառիկ հնարավորությունից։

Ծրագրի ուշագրավ մասերից էր ռուսաստանյան հյուրերի կողմից առաջարկված կլոր սեղանը՝ «Բարձրագույն դպրոցի դասախոսների արդյունավետությունը՝ ճանաչողական գործառույթներ, կարողություններ, շարժառիթներ» խորագրով։ Այն հաջողությամբ կայացավ «Կրթության կառավարման» բաժանմունքում՝ նախորդելով գիտական զեկույցներին։ Դրա շրջանակներում ռուսաստանյան գործընկերները ներկայացրին կրթության կառավարման ոլորտի իրենց փորձը, ինչը դարձավ կառուցողական քննարկման առարկա։

Գիտաժողովի ամփոփմանը փաստվեց, որ միջոցառումը հաջողությամբ կյանքի կոչվեց՝ լուծելով իր առջև դրած խնդիրները՝ խթանելով նոր գաղափարների առաջացումը և միջազգային համագործակցության նոր ծրագրերի նախագծումը։


 

Գիտաժողովից ավելի շատ լուսանկարներ՝ կայքի «Պատկերասրահ» բաժնում։


 

 


ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին