ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենությունը մասնակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի գիտական խորհրդի նիստին
Դեկտեմբերի 11, 2024Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի գիտական խորհրդի՝ կրթության զարգացմանը նվիրված 2-րդ նիստը: Այն անցկացվել է հիբրիդային ձևաչափով՝ առկա և առցանց մասնակցությունների համադրությամբ՝ ընդգրկելով մասնակիցներ կառույցի անդամ բազմաթիվ երկրներից:
Նիստում նախ հնչել են ողջույնի խոսքեր՝ ՌԴ ոլորտային պաշտոնյաների և կառույցի անդամ երկրների ներկայացուցիչների կողմից, ապա ներկայացվել են թեմատիկ ելույթներ՝ ուղեկցվելով քննարկումներով:
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ տնօրեն Արմեն Սարգսյանը՝ առցանց միացմամբ, և ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը՝ առկա մասնակցությամբ, մասնակցություն են ունեցել այդ կարևոր միջազգային իրադարձությանը: Նիստը նվիված է եղել 2 հիմնախնդիրների՝ ընտանեկան դաստիարակությանը և ներառական կրթությանը:
Տնօրեն Ա.Սարգսյանը, ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է նմանատիպ միջազգային միջոցառումների կազմակերպման կարևորությունը: Անդրադառնալով ներառական կրթության խնդրին՝ Ա.Սարգսյանը դա գնահատել է որպես արդի կրթության հիմնախնդիրներից մեկը՝ հատուկ ուշադրություն և միասնական մոտեցում պահանջող: Ներառական կրթությունը նրա խոսքում գնահատվել է որպես հիմք՝ արդար և ժողովրդավարական հասարակության զարգացման համար, հասարակություն, որում յուրաքանչյուր մարդ, անկախ իր առանձնահատկություններից, կունենա հավասար հնարավորություններ՝ ինքնադրսևորման համար: Ա.Սարգսյանն անդրադարձել է ՀՀ-ում ներառական կրթությանը նվիրված անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների առկայությանը և մատնանշել ներառական կրթության զարգացման ուղղությամբ լուծում պահանջող խնդիրները: Վերջիններիս շարքում հատուկ կարևորվել են գործնական հմտություններով օժտված ներառական կրթության մասնագետների պատրաստումը և հասանելի կրթական միջավայրի ապահովումը, հասանելիություն թե՛ հաստատություններին, թե՛ ուսումնական նյութերին: Նշվել է, որ ԳԿՄԿ-ն միջազգային գործընկերների հետ շարունակական աշխատանքներ է տանում ներառական կրթության հարցում արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ: Իր ելույթի ավարտին Ա.Սարգսյանը կարևորել է տարբեր երկրների մասնագետների ներկայությունը ընթացիկ նիստին:
Փոխտնօրեն Երջանիկ Զարգարյանը իր՝ «Ներառական կրթության հայեցակարգը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում» թեմայով զեկույցում անդրադարձ է կատարել ԳԿՄԿ-ում ներառական կրթություն իրականացնելու ընթացքին՝ նշելով դրա շահառու ուսանողների կարիքների տեսակները, դրանց բավարարման ուղղությամբ ծրագրված և իրականացված քայլերը:
Նիստն ընթացել է կառուցողական քննարկումների և փորձի փոխանակման արդյունավետ միջավայրում: