Միջազգային առցանց սեմինար՝ ԳԿՄԿ-ի մասնակցությամբ
Հունիսի 24, 2025
Ընթացիկ տարվա ապրիլին` միջազգային վերապատրաստման շաբաթին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի (ՎՏՀ) նախաձեռնությամբ ու հրավերով ծրագրվել էր կազմակերպել համատեղ առցանց սեմինար՝ նվիրված մասնակից բուհերի ասպիրանտների հետազոտություններին և հնարավոր գիտական համագործակցությանը։
Սեմինարը կայացավ ս/թ հունիսի 23-ին։ Մասնակից բուհերն էին ՎՏՀ-ն, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը (ԳԿՄԿ), Բուխարեստի գիտության և տեխնոլոգիայի ազգային ինստիտուտը (Politehnica): ԳԿՄԿ-ից առցանց հանդիպմանը միացել էր դեկան Ատոմ Մխիթարյանը։
Հնչեցին գիտության տարբեր բնագավառների նվիրված ելույթներ՝ արժանանալով համապատասխան ոլորտի գործընկեր բուհերի մասնագետների բարձր գնահատականին։
Սեմինարը, չնայած իր առցանց ձևաչափին, անցավ բավականին աշխույժ գիտական մթնոլորտում՝ ուղեկցված կառուցողական քննարկումներով։
Առաջիկայում ՀՀ ԳԱԱ ասպիրանտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունները շարունակելու ՎՏՀ-ում՝ համագործակցության նոր կամուրջներ կառուցելով ԳԿՄԿ-ի և Բուլղարիայի, Ռումինիայի գործընկեր համալսարանների միջև։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին