ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պատվիրակությունը՝ Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի միջազգային շաբաթին
Ապրիլի 11, 2025
Ապրիլի 7-11-ը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, մասնակցեց Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում (ՎՏՀ) Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպված «Գործընկերություն հանուն ապագա համագործակցության. KA2 ծրագրեր և Բաց Եվրոպական Միություն» խորագրով 5-րդ միջազգային վերապատրաստման շաբաթին։
Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի արտաքին կապերի բաժնի պետ Անժելա Պապիկյանը, դեկան Ատոմ Մխիթարյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Լիլիթ Գրիգորյանը և տնտեսագիտության և կառավարման ամբիոնի դասախոս Նարինե Մանուկյանը։
Վերապատրաստման շաբաթը համախմբել էր մասնակիցների Իսպանիայից, Նիդերլանդներից, Ալբանիայից, Եգիպտոսից, Լեհաստանից, Պորտուգալիայից և Գերմանիայից, ինչպես նաև գործընկեր համալսարանների ներկայացուցիչների Բոսնիա և Հերցեգովինայից, Հայաստանից և Վրաստանից։ Մասնակցում էին ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես էլ վարչական կազմի ներկայացուցիչներ։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ՎՏՀ ռեկտոր Դիմիտար Դիմիտրովը և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Աննա Իվանովան ողջունեցին մասնակիցներին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները հնարավորություն են ստեղծում քննարկելու կրթության և գիտության ոլորտի կարևորագույն մարտահրավերները և ձևավորելու նոր համագործակցային ձևաչափեր։
Վերապատրաստման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց Էրազմուս+ ծրագրերի՝ կարողությունների զարգացման և Բաց ԵՄ նախագծերի իրականացման փորձին։ Նախագծերի ներկայացուցիչները շեշտեցին արդյունավետ միջազգային համագործակցության կարևորությունը, որը ոչ միայն նպաստում է գիտելիքների փոխանակմանը, այլև օգնում է կրթական համակարգի արդիականացմանը և ապահովում է համաշխարհային շուկաներում մրցունակության բարձրացում։
Միջոցառմանը առանձնահատուկ տեղ էր տրամադրված նորարարական «EntreAction» նախագծին, որի նպատակն է՝ խթանել երիտասարդների ձեռնարկատիրական և քաղաքացիական նախաձեռնությունները։ Այս նախագիծը կենտրոնանում է նորարարական կրթական մոտեցումների և գործնական հմտությունների ձևավորման վրա, որոնք նպաստում են երիտասարդների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական գործընթացներում։
Միջազգային շաբաթն ամփոփվեց հաջողությամբ, իսկ նրա նշանակությունը կլինի երկարաժամկետ. այն սկիզբ է նոր գործընկերային հարաբերությունների, որ կնպաստի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Վելիկո Տիռնովոյի համալսարանի միջև ապագա համատեղ նախագծերի և նախաձեռնությունների իրականացմանը։
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին