Գլխավոր էջ





Բուլղարացի գործընկերները դասախոսություններ վարեցին ԳԿՄԿ-ում

Մարտի 24, 2025

2025 թվականի մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնը հյուրընկալել էր Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանից դասախոսների, որ ակադեմիական շարժունության շրջանակներում դասախոսություններ վարեցին ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության մագիստրանտների համար։


Ողջունելով հյուրերին՝ ամբիոնի վարիչ Վլադիմիր Սահակյանը նշեց, որ ամբիոնը դրական է գնահատում միջազգային շարժունության շրջանակներում կազմակերպվող փորձի փոխանակման միջոցառումների ավանդույթը՝ խոսքը տրամադրելով հյուրերին։ Բուլղարացի գործընկերները, որ ներկայացնում էին  Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը, ժամանել էին եռանդամ թիմով՝ դասախոսներ Միլենա Ստեֆանովա և Տիհոմիր Ստեֆանով, փոխդեկան Միրոսլավ Գալաբով։


Դասախոսությունների շարքը նվիրված էր գիտաչափական համակարգերին՝ դրանց տարածված տեսակներին, առանձնահատկություններին, կիրառման պրակտիկային։ Գիտաչափական համակարգերի մասին ասվածը տեղայնացվեց Բուլղարիայում գրանցված փորձի վրա՝ ժամանակագրական կարգով ներկայացնելով գիտական բազաների աճի պատկերը։


Տեղեկատվությունն արդիական էր և կարևոր, ուստի ԳԿՄԿ մագիստրանտները մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ մասնակցեցին դասերին՝ ակնկալելով նմանատիպ միջոցառումների շարունակականություն։


Ի դեպ, Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանի հետ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի համագործակցությունը սկիզբ է առել 2022 թվականից՝ հասցնելով գրանցել ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի, այլև ուսանողների և վարչական կազմի շարժունության և համագործակցության  ծրագրեր։


 

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին